Ահա հենց այդ մտքով էր զբաղված Սանամի ուղեղը և այժմ: Նա, մեջքը պատին տված, նստած էր պարսկական գորգերով զարդարված թախտի վրա, երեսը դեպի բակը և հմայում էր խաղաթղթերով: Ուղիղ մի ժամ էր, որ նա հմայությամբ էր պարապած և այդ մի ժամվա ընթացքում առնվազն տասն անգամ թղթերը դարսած և հավաքած կլիներ, բայց ոչ մի անգամ կամակոր թղթերը ցույց չտվին Սանամի ուզածին պես։ Վերջապես, նրա ձեռները հոգնեցին թղթերը շատ դես ու դեն բաժանելուց, և նա բարկացած հենց նոր կամենում էր հավաքել և մի կողմ դնել թղթերը, երբ դրսից մի կանացի ձայն լսեց։ Մեկը թուրքերեն լեզվով երգում էր և ծափահարում։ Սանամն, առանց տեղից շարժվելու, նայեց դուրս, և նրա դեմքը մի առանձին զարմանք չարտահայտեց, երբ տեսավ երգեցող ծափահարողին։
— Այ բալամ, այ ջանըմ, դիլ, դիդիլ, դահրի դադահ, դիլ, դի-դիլ, չըթ-չըթ, այ սաղոլ, այ սաղոլ,— ներս մտավ մի բարձրահասակ, նիհար կին, պարելով և ձեռները գլխի վերև աղեղնաձև պահած՝ երկայն ու բարակ մատներով «չըրթմա» տալով։
Դա «զարանգիզի» Շըպպանիկն էր։
— Դիլիլի, դիլդի՛լ, դիլիլիլի, դիլդիլ, պարով խանմիս, պարով նրա տուն ու տեղին, սկսեց Շըպպանիկը մաքուր տեղական բարբառով, առանց որևէ խառնուրդի։
— Պարով, մին ալ պարով.— շարունակեց նա,— հազար պարով, ա բալամ, հի՞նչ ես անըմ, հի՞նչ ես շինիմ, հինչյա պյանի՞ ես։ Քեֆըդ, հա՛լդ օվհալդ։ Հը՞մ, դամաղդ չա՞ղ ա։ Ասա, դե ալի, ախըր քանի՛ վախտ ա քու լուս երեսդ չամ տեսնըմ։
Սանամը ոչինչ չպատասխանեց, միայն մի քանի վայրկյան նայեց Շըպպանիկի երեսին, խաղաթղթերը դրեց մինդարի տակ և շորերի ծայրերը քաշեց ներքև, որ ծածկի աջ ոտի հաստ և մսալի սրունգը։
— Հըմ, խոսիր դե ալի,— դարձյալ սկսեց Շըպպանիկը, շալը գլխիցը վեցնելով և մի կողմ շպրտելով։
Նա կանգնեց ուղիղ Սանամի դեմուդեմ և ձեռները դրավ կողքերին։