Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս երեք հատկությունն էլ տեսնում ենք մեր հեղինակի այս չորս գործում հատկապես։

Շիրվանզադեի այս երկերը, որպես բուրժուական կյանքի ճշգրիտ ու փայլուն նկարագիրներ, որպես քննադատական ռեալիզմի կոթողներ, մեծապես արժեքավոր են՝ շնորհիվ հեղինակի բարձր արվեստի: Սրանք, համեմատելով նրա նախորդ տասնամյակի գործերի հետ վկայում են, թե ինչպես տարեցտարի կատարելագործել է մեր վիպագրի արվեստը՝ կառուցվածքը դարձել է հստակ, կոնֆլիկտները իրենց մանրամասներով ճիշտ, լեզուն ավելի արտահայտիչ, նկարագրությունները պլաստիկ, բնութագրումները հակիրճ ու տեղին, հումորն ավելի դիպուկ։ Ուրիշ խոսքով, արվեստագետի աչքը դարձել է ավելի սուր, ձեռքը՝ ամուր, քանդակը՝ ռելյեֆ։ Ընդարձակվել է ընդգրկումը, ավելի որոշ է կենսահայեցողությունը, իսկ ընդհանրացումները կատարում է երբեմն մի տիպական օրինակով կամ մի շտրիխով։

Մասնավորապես պետք է ընդգծել վիպագրի երկերի կառուցվածքը, որ կատարում է նա հմուտ ճարտարապետի նման համաչափ ու կուռ, ոչ մի ավելորդ գիծ, ոչ մի կողմնակի բան։ Կան գրողներ, որոնց երկերից կարելի է հանել տասնյակ էջեր ու գլուխներ, և գործը դրանից չի տուժի: Բայց եթե փորձենք որևէ հատված հանել «Քաոս»-ից, «Արտիստ»-ից կամ «Պատվի համար»-ից՝ անկարելի կլինի. նրանք կխախտվեն։

Այս շրջանի երկերում խտացած են հեղինակի արվեստի կարևոր հատկությունները՝ սեղմ նկարագիրներ, դրամատիկ դիալոգ, որոնցով վարպետորեն բնորոշում է իր պերսոնաժների վարքը, մտայնությունը, հոգեբանությունը, տալով մեզ կենդանի մարդիկ՝ իրենց ուրույն դիմագծերով ու ձգտումներով:

Շիրվանզադեի արվեստի մի այլ կարևոր հատկությունն այն է, որ նա թափանցելով նկարագրած երևույթների մեջ, իր պերսոնաժներին օժտում է ազգային բնորոշ գծերով։

Այս ամենը վկայում են մեր վիպագրի սուր դիտողականության մասին, որ կարողանում է տեսնել էականը, առանձնահատուկը և մի քանի խոսքով բնորոշել իրը, երևույթը, մարդը։

Առհասարակ լինելով սակավախոս գրող՝ Շիրվանզադեն քիչ խոսքերով տալիս է հարուստ բովանդակություն, պայծառ, անմոռաց պատկերներ, ինչ կարելի է տեսնել «Քաոս»-ում (հոգեհացը, «ոսկե երիտասարդության» կերուխումը, նավթահանքի հրդեհը), «Արտիստ»-ում (իտալացի արտիստների հավաքույթը, Լևոնի նվագը նավաստիների մոտ) և շատ ուրիշ տեսարաններ թե վեպերում և թե պիեսներում։

Եվ այս ամենը շնորհիվ իր առնական տաղանդի, բարձր վարպետության և ռեալիստական կոնկրետ մեթոդի։

Ռեալիստական մեթոդը Շիրվանզադեին թելադրել է նաև նյութերին համապատասխան լեզու՝ պարզ, գրեթե խոսակցական լեզու, որը նույնպես նորություն էր մեր վիպագրության մեջ։ Ճշմարիտ է, Շիրվանզադեն իր գրական գործունեության առաջին շրջանում չի փայլում ճոխ բառապաշարով.