Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրծքին խփելով,— Բարխուդար, էս ժամաժամքին կուրծք եմ թակում ու աստված կանչում, որ նա քո հախին գա։ Հա, Բարխուդար, կնիկդ օրս ընկնի։ Հա, տափը փուշ դառնա, դու ոտաբաց լինիս, ինչտեղ ոտ կոխես, քեզ ծակծակի։ Հա, կսկծալի հարայդ, դադ ու բիդադդ, աման ալլահդ երկինք բարձրանա, աստծու ականջին չհասնի։ Դու, դու, քյաֆթառ, դու էս օրին հասցրիր բալիս։ Հըմ, հիմա ի՞նչ ցավ է կպել քեզ։ Իսկի։ Հիմա բախտավոր աներ ես, փեսա ունես, կնիկդ պապար-պապար է անում առաջիդ, աղջիկդ գառ զառբոֆի, ոսկի ու արծաթի մեջ է ապրում։ Աղջկադ մի ձեռը եղում, մյուսը` մեղրումն է, էսօր էգուց էլ մինը կըցդնի, բաներդ էլ լավ կդրստվին։

Ավարտելով այս մենախոսությունը, Մարիամ բաջին կրկին լռեց և խորասուզվեց մտածողության մեջ։ Այդ ժամանակ քամին ավելի սաստկացավ, պատուհանի ապակիները սկսեցին շարժվել իրանց տեղերում։ Դռները բացվեցին և ուժգին թափով փակվեցին, ներս թողնելով ձյունի ալիքները։

— Ուֆ, աշխարհը քարուքանդ իլավ։ Երկնքի փարդան ճղվել է, աստծու բարկությունը գլխներս է թափվում: Ի՞նչ տեղ մնաց էս մարդն, յարաբ։ Կիրակի գիշեր է, երևի ժամ է գնացել աղոթք անելու։ Յարաբ ո՞ւմ համար ես աղոթք անում։ Անխղճմտանք մարդ, սիրտդ խաշխաշ հարելու քարի պես պնդացել է ու սև սևացել, չի ցավում մինիկ երեխիդ համար։

Մարիամ բաջին մի քանի վայրկյան ևս լռեց։

— Երեկ երեկոյան Սուսամբարը էստեղ էր։ Լավ կնիկ է, խեղճը ինքն էլ լաց իլավ։ Նա ինձ սիրտ էր տալիս։ Բայց ինչքան հարցրի, նա էլ մի դրուստ խաբար չկարողացավ ասել Սեյրանիս մասին։ Ի՞նչ կպատահի, յարաբ, եթե Սեյրանը Շուրայումն է։ Հակառակի պես, էն գյուլլախորով Ռուստամն էլ է Շուրայում։ Յարաբ, Սեյրանս ինչ կասի նրան, էն մեռածն էլ, թիկնամեջը տափին կպածն էլ ինչ կանի։ Սեյրանս տաքարյուն տղա, Ռուստամն էլ հյուրսաթափ ազրահիլի ճուտ է, ով է իմանում, ղարիբ քաղաքում երեխիս գլխին ինչ օյին կբերի։