ջուխտ վառի նա, որի սիրտն էլ ճրագի պես վառ է, իմը շտուց է խավարվել։
— Մարիամ բաջի, դու լինիս — մինիկ Սեյրանիդ արևը, կծված մի խոսիր։ Լսիր, մտիկ տուր ինձ, տես իմ սիրտը ուրախ է, հետո ինձ նախատիր։
— Յարաբ ա՞ղդ է պակաս, թե մա՞ղդ։ Ինչ կա, եկել ես գլխիս չեմ իմանում, մի տարուց հետո ինչպես ի լավ, որ միտդ ընկանք:
— Ոչ աղս է պակաս, ոչ մաղս, ինձ պակաս է քո բարեկամությունը,— պատասխանեց Գյուլնազը, ավելի ու ավելի մեղմ եղանակով։— Աստծուն է հայտնի, էս քամբախտ տարին ինձ ինչ է նստել։ Մարիամ բաջի, ասելն ավելորդ է, առանց քեզ ոչ կերածս եմ իմացել, ոչ խմածս։ Քունս աղի ու լեղի է իլել, գիշեր ու ցերեկս ախուվախով եմ անցկացրել։
— Իմացանք, կարճ կտրիր։
— Ես եկել եմ, Մարիամ բաջի, աղաչելու քեզ, որ դու նահլաթ տաս չար սատանին ու ինձ հետ հաշտվես։
— Ի՛նչ, հրես վաղ կտամ։
— Իմանում եմ, դու շատ նեղացած ես, Մարիամ բաջի։
— Ձեռ քաշիր, աստված սիրես, ձեռ քաշիր։ Չեմ իմանում, էլ Մարիամի ինչն է մնացել, որ դու նրա հետ բարեկամություն անես։ Գնա մտիր աղջկադ ծոցը ու բախտավոր ապրի, ինչ գործ ունես մեզ պես աստծու ու մարդու աչքից ընկածների հետ։
— Դուշմանս չլինի էնպես բախտավոր, ինչպես որ իմ աղջիկն է։ Հըմ, ցավերս չես իմանում։ Աղջիկս օրեցօր մոմի պես հալվում է, վախս նա է, որ շուտով ձեռքիցս դուրս գա։
— Մի վախիր, չի մեռնիլ աղջիկդ, հալա շատ ու շատ կապրի, տիզ կլինի ու պատին կկպչի,— պատասխանեց Մարիամ բաջին դառն հեգնությամբ։— Կարելի է նշանածի ֆիքրն է անում. գրել տուր, որ գա, աղջկադ քեֆը կբացվի,- ավարտեց նա արհամարհական եղանակով։
— Հերիք է, Մարիամ բաջի, էդ խոսքերովդ էրված սրտիս աղ ես շաղ տալիս։ Խնայիր ինձ, ես իմանում եմ,