Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա ուշքի եկավ, մի ինչ-որ բառ արտասանեց բարձր ձայնով և պատշգամբից գլխակոր ցած իջավ։ Ամուսնական պարտավորություն էր, թե մի ուրիշ զգացմունք, Սուսանը մի ուրախ ժպիտ երեսին դիմավորեց Ռուստամին։ Բայց որ այդ ժպիտը կեղծ էր և ակամա — այդ երևում էր Սուսանի աչքերից, որոնց արտահայտությունը չէր համապատասխանում նրա շարժումներին։ Նա վազեց դեպի Ռուստամը։ Բայց երբ հայացքն ընկավ վերջինի այլայլված դեմքի վրա, չկարողացավ առաջ շարժվել և կանգնեց մի քանի քայլ հեռու։

— Ո՞ւր է սկեսուրդ,— հարցրեց Ռուստամն յուր կոշտ և անհողդողդ ձայնով։

— Ժամումն է,— պատասխանեց Սուսանը, ձեռները կրծքին խաչելով և գլուխը քարշ ձգելով, ինչպես կախաղանի դատապարտված մի հանցավոր։

Ռուստամը ձիու սանձը բռնեց և տվավ Սուսանին։

— Ո՞վ կա տանը։

— Մենակ եմ,— պատասխանեց Սուսանը, սանձն առնելով։

— Մենա՞կ ես։

— Մենակ եմ։

— Հըմ։ Լավ, տար ձիուն, կապիր ախոռում, գարի ու դարման ածիր առաջը, շատ ածիր, իմացա՞ր։

— Աչքիս վրա,— պատասխանեց Սուսանը և շտապեց ամուսնու հրամանը կատարելու։

— Հետո շուտով տուն եկ,— ավելացրեց Ռուստամը, յափունջին ուսերից ձգելով թամբի վրա։

Երբ Սուսանը ձիու սանձը ձեռին քիչ հեռացավ, Ռուստամը նայեց նրա հետևից և ինքն իրան ասաց. «ինչ անմեղ է ձևացնում իրան»։ Հետո` արագությամբ բարձրացավ պատշգամբ և առանց հանվելու, ցեխոտ կոշիկներով մտավ սենյակ։ Նա մոտեցավ և նստեց պատի տակ շինած թախտի վրա, երեսը դեպի բակը։ Մի րոպե չանցած, դրսից լսվեց Սանամի ձայնը։

— Դրուստ ես ասո՞ւմ, ախչի, որտե՞ղ է, որտե՞ղ է, դե, ասա, ախչի, սիրտս ճաքեց, տրաքեց քիի։