Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սուսանի աչքերը փակվեցին, և նա մնաց անշարժ։

Ռուստամը նայում էր նրա դեմքին։ Հանկարծ նա արագությամբ վեր թռավ տեղից և, դաշույնը հատակից վերցնելով, որոտաց.

— ճանաչի՛ր, անիրավ, լեզգի Ռուստամն եմ ես, տես ումն ես խաբում, չար Հուլիանոս։ Ես Ռուստամն եմ, Ռուստամը, բենամուս չեմ, նամուս ունիմ։

Դուրս թռավ ողորմելի զոհի կրծքից մի ահարկու ձայն, և այնուհետև տիրեց լռություն։ Սենյակի դռները դղրդացին և գոոալով ներս թռավ Սանամը:

XVII

Առավոտ էր։ Շամախու ամբողջ հայ բնակչությունը խուռն բազմությամբ դիմում էր դեպի արևմտյան կողմը։ Քաղաքի այն փողոցը, ուր գտնվում էր Սանամի տունը, արդեն բոլորովին լիքն էր խառնիճաղանջ ամբոխով։ Մեծ թե փոքր, կին թե տղամարդ, ամենքը դիմում էին դեպի Սանամի տունը, որ այդ ժամանակ ներկայացնում էր սիրտ մորմոքող տեսարան։

Ոստիկանները աշխատում էին հետ մղել ամբոխը, բայց ամենքը ձգտում էին մի կերպ առաջ շարժվել։

— Հայիֆ, հայիֆ էն գյոզալը,— լսվում էր այս ու այն կողմերից։

— Ասում են, որ ինչքան գյոզալ էր, էնքան էլ լավ հոգի ուներ:

— Խեղճ ողորմելին անմեղ տեղը փչացավ գազանի ձեռքին։

— Ռուստամը իսկի մեղավոր չէ,— մեջ մտավ մոտ քսան ու երկու տարեկան մի երիտասարդ եվրոպական ձևով հագնված։

— Հապա՞։

— Մեղավորը մեր քաղաքի վատ սովորությունն է։ Երեսը կապած աղջկան տալիս են մի անծանոթ տղայի։ Տղան ուրիշների խոսքին հավատալով, ուրիշների խոսքերով էլ կարծիք է կազմում յուր կնոջ մասին։ Եթե մեկը մի ծուռ