Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
I

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ։ Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի։

Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը։ Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն։ Այնտեղ գարնան գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց դեղդեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ։

Մի խումբ երեխաներ, մի կիսավեր տան փլատակների վրա ցրված, վազվզում էին այս ու այն կողմ, ծիծաղում, աղաղակում, կենդանություն տալով կիսավեր քաղաքի ամայի փողոցին։ Նրանց մեջ կար և՛ մի յոթ տարեկան աղջիկ, որին ընկերուհիները կոչում էին «Սիրուն» Սոնա։ Ոտաբաց, գլխաբաց, մի ձեռին բռնած մի կտոր հաց, մյուս ձեռով ճակատի վրա սփռված ոսկեգույն մազերը ուղղելով, կանգնած էր մի հողաբլրի վրա և աղաղակում էր․

— Եկե՛ք, եկե՛ք, եթե կարող եք, ինձ բռնեցեք։

Նրա սևորակ աչքերը վառվել էին սև ադամանդների պես։ Նա ուրախ էր, որովհետև ոչ ոք նրա պես վազել չգիտեր։ Արդեն երեք-չորս անգամ պտտել էր բլրակի շուրջը, և խաղընկերները չէին կարողացել նրան բռնել։ Արդարև,