Առաջին և երկրորդ անգամ Սոնան տանն էր։ Բացի ծնողներից ոչ ոք չտեսավ նրա դժբախտությունը։ Իսկ այժմ փողոցու՞մ, խաղընկերների մո՜տ..
— Գնացեք,— գոչեց հացթուխը, դառն սրտմտությամբ դառնալով մանուկներին ու աղջիկներին,— ի՛նչ բան ունեք մեզ հետ, մենք անբախտ ենք։ Դանել ապեր, գնա՛, ոչ ոքի չասես, եթե հոգի ունիս։ Երեխա է, ընկավ, ի՞նչ անենք, ուրիշներն էլ ընկնում են… Ի՜նչ փրփուր, ի՜նչ կապտել, կարմրել, սուտ է…
Վշտացած կնոջ դառը խոսքերը Դանելին խորհրդավոր թվացին։ Նրան խնդրում էին լռել, և նա զգաց, որ այս խնդիրը մի լուրջ իմաստ ունի։ Նա ձեռով ծածկեց բերանը, մեջքից թեքվեց և, դառնալով երեխաներին, շշնջեց.
— Սուսս, ոչ ոքի… պատառ–պատառ կանեմ, հում հում կուտեմ։
Հետո, գավազանը շարժելով, փախցրեց բոլորին և ինքն էլ նրանց հետևից դուրս գնաց, թուրքերեն երգելով․
|
Հացթուխը գրկեց Սոնային, տարավ խրճիթի ներսը, հանեց սենյակի միջին պատի մեծ խորշից անկողին
և սփռեց հատակի վրա։ Պառկեցրեց այնտեղ հիվանդին և ինքն էլ նստեց նրա մոտ, իր խանդակաթ հայացքը հառելով նրա երեսին։ Սոնան լուռ էր և տակավին ապշած նայում էր այս ու այն կողմ։ Մոր հարցերին անորոշ պատասխաններ էր տալիս։ Գանգատվում էր միայն, թե գլուխը ցավում է, հոգնած է, մարմնի վրա զգում է ինչ–որ ծանրություն։
Մի քանի րոպե անցած ներս մտավ հացթուխի ամուսինը — պայտառ Ոսկանը և, կանգնելով աղջկա գլխի կողմում, հարցրեց․
— Ի՞նչ է պատահել։
Մոտ քառասուն տարեկան մի մարդ էր Ոսկանը, միջահասակ և տգեղ։ Նրա ձեռները, երեսը, պարանոցը ածուխի մրով սևացած էին։ Նրա սրածայր քիթը ծածկված էր փոքրիկ արյունագույն բշտիկներով։ Իսկ ականջների տակ,