նրան չհոգնհցնել իր աչքերը։ Իսկ հայրը պատվիրում էր հյուսել ու հյուսել, որ շուտով զույգը վերջանա։ Եվ այս դեպքում աղջիկը հոր պատվերն էր կատարում։ Վաղն ուրախ-ուրախ կհանձնի նրան մի զույգ նոր գուլպա, որ տանի շուկայում ծախի։ Ի՞նչ անենք, որ գուլպաների գինը սովորաբար օղեվաճառին էր տրվում։ Այդ Սոնայի գործը չէր։
Եվ այսպես, արբշիռ պայտագործը հարստահարում էր հիվանդոտ աղջկա աշխատանքը դեռ այն ժամանակ, երբ նրա մատներր հազիվ հազ սովորել էին կարել ու հյուսել։ Քանի՛-քանի՛ անգամ այս պատճառով ընդհարումներ էին ունեցել մարդ ու կին։
— Չէ, դու խղճմտանք չունիս։ Երեխաս մի շալ չունի ուսերին գցելու, ցրտից սրսռում է, դու ամեն օր խմում ես նրա աշխատած փողով...
— Քո բանը չի, Սոնան իմս է,— պատասխանում էր պայտագործը:— Այնպես չէ՞, Սոնա, դու հորդ սիրում ես, չես թողնիլ, որ մի բանի կարոտություն քաշի։
Մանկահասակ աղջիկը հավասար սիրով և գգվանքով համբուրելով թե՛ մեկին և թե՛ մյուսին, վերջ էր տալիս իր ծնողների վեճին: Այնինչ այն օրից, երբ պայտագործի համար բացվեց եկամտի մի նոր աղբյուր իր աղջկա ձեռքի վաստակը — նա ավելի ու ավելի ծուլանում էր։ Միևնույն ժամանակ, ավելի ու ավելի պահանջող, քմահաճ և կոպիտ էր դառնում։ Շատ անգամ տուն էր վերադառնում դատարկ ձեռներով և հրամայում իսկույն ուտելիք պատրաստել։ Կինը երբեմն պատասխանում էր, թե տանը ոչինչ չկա, թե ինքն այս օր ոչինչ չի վաստակել։
— Պատճա՞ռը, — գոռում էր պայտագործը։
— Այսօր ինձ ոչ ոք հաց թխելու չի կանչել։
— Հոգիդ դուրս գա, գնա՛, ողորմություն հավաքիր, խոմ քաղցած ապրել չի կարելի։ Հը՛մ, դու ասա. Սոնա ջան, մարդ քաղցած փորով կարող է ապրել։ Տեսնում ես, մայրդ ինչ աներես ու քարասիրտ է։ Համ ասում է տանն ուտելու բան չկա, համ էլ ինձ չի թողնում գերեզմանատուն գնամ մեռելահաց ուտելու...