Հացթուխը բռնեց խենթի թևից և ներս տանելով ասաց․
— Նրանից է վախենում։
Սենյակի իրիկնային կիսախավարի մեջ գիԺ-Դանելը ճանաչեց իր քելեխասեր բարեկամին։
— Կոնծել է ու ընկել, էհե՜. համը տանում է, էլ ես նրան քելեխի չեմ տանիլ։ Շուշան բաջի, երազ եմ տեսել։ Տասնութ աժդահա դուրս եկան առաջս։ Քյոռօղլին կանգնեց բուրջի գլխին։ Ղռաթի բերանից կրակ էր դուրս գալիս։ Այ այսպիսի մազեր ուներ, անունը Սոնա չէր, Մանիշակ… մեծ-մեծ քարեր էին ընկել, մեկը ճակատին, մյուսը — կրծքին։ Մայրը հորումն էր։ Գլխից արյուն էր գալիս։ Ասլան Դանելը խեղճ մարդ էր, գլուխը քաշ դարզություն էր անում։ Ասեղս առան, աչքս կոխեցին. մկրատս վերցրին, սիրտս կտոր-կտոր արին մահուդի պես։ Սոնա խաթուն, Մանիշակ ջան, ինչո՞ւ փախար ձեռքիցս… էգուց կգնամ գերեզմանը տեսնելու, սիրտ չունիմ, սիրտս մեռավ… Շուշան բաջի, Սոնան լավ աղջիկ է, յա ալլա՛հ գալիս եմ… Ֆարհա՜դ, Ֆարհադ, տունդ տակնուվրա լինի…
Արտասանելով այս անկապ և օտարոտի խոսքերը, խենթը գավազանը օդի մեջ շարժեց և ոստոստալով դուրս վազեց։
Այդ գիշեր Սոնան զառանցում էր, ստեպ-ստեպ քնից զարթնելով։ Մայրը «աղոթում էր» նրա վրա, սեղմելով նրա ուսերին և գլխին իր աջ բռունցքը, որի մեջ սեղմված էր մի բուռն աղ։
Արեգակը նոր նոր բարձրանում էր քաղաքի շրջակա լեռան հետևից, երբ Սոնան աչքերը բաց արավ։ Որքան նման էր նրա դեմքի գույնը այն վաղ-առավոտյան թույլ–դեղնագույն ճառագայթին, որ խրճիթի դռներով ընկավ հատակի վրա։ Նրա մռայլ և անշարժ աչքերը նայում էին դեպի մի անորոշ տարածություն։ Կարծես, մտքերը սավառնում էին հեռու։ Նրա գլխի կողմը նստած էր մայրը և թախծալի հայացքով նայում էր նրա շրթունքներին, որ տակավին սեղմված էին։