Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաքնվել պատի մեծ խորշում, վարագույրի հետևում, Ներս մտավ մի փոքրահասակ կաղ կին, համարձակ դեմքով և շարժվածքով։ Քաղաքի հայտնի միջնորդն էր դա, որին կոչում էին «Չոլախ Սահարնազ»։

Նա առանց պատասխանի և հրավերի սպասելու, նստեց հատակի վրա, սենյակի վերին կողմում։

— Ինչպես տեսնում եմ, մարդդ տանը չէ,— ասաց աջ ու ձախ նայելուց հետո։— Շատ լավ է, կնկա բանը կնիկը շուտ կդրստի։ Մոտդ խեր խաբարով եմ եկել։

— Խերում մնաս, ասա, տեսնենք...

Առանց երկար հառաջաբանի, Չոլախ Սահարնազը անմիջապես հայտնեց իր այցելության նպատակը։ Ինչ խոսք, որ Շուշան բաջին «չորաթան» Զառնիշանի տղա Մուրադի մասին լսած կլինի։ Ամբողջ քաղաքի աչքն է, նմանը չկա, ջահիլ, գեղեցիկ, շիր ու շնորհքով։ Չի հարբում, չի ծխում, ղումարբազ (խաղամոլ) չէ, գլուխը քաշ իր բանին է։

— Քաղաքում աղջիկ շատ կա,— շարունակեց Սահարնազը,— ով ասես, որ չորաթան-Զառնիշանի ոտները չպաչի։ Բախտը քեզ է ընկել։ Մուրադը տեսել է աղջկադ, հավանել է։ Հիմա դու էլ կնիկ ես, գլխիդ խելք ունիս, մտածիր, ինձ էլ մի խոսք ասա գնամ..

— Ի՞նչ ասեմ,— պատասխանեց հացթուխը, մի քիչ մտածելուց հետո,— փառք աստծո, որ տղան ինքն է հավանել։ Է՜հ, աղջիկ է էլի, լավ-վատ գիտի կաբել, կարկատել, եփել։ Ծնողների պատիվը ճանաչող, խոնարհ, աստծո գառն է, մարդ տեսնելիս շալը հինգ ծալ է անում երեսին։ Մի խոսքով, աղջիկ է, էլի, եթե ուրիշներից լավ չէ, վատ էլ չէ։

Մինչ երկու կանանց բանակցությունը շարունակվում էր, Սոնան հետաքրքրությամբ ականջ էր դնում, աշխատելով ոչ մի բան բաց չթողնել։ Նրա սիրտը բաբախում էր հուզմունքից։ Չգիտեր, ինչ մտածեր իր ապագայի մասին, բոլորը թողել էր մոր կամքին։ Ծնողն իր հարազատ աղջկա վատը չի կամենալ, թող ինչպես խելքը կտրում է, այնպես անի, միայն թե այդ խեղճ կնիկը մի քիչ բախտավորվի։

Հացթուխը վարագույրը ետ քաշեց և Սոնային հրամայեց