Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեցին ծափահարել նորափեսայի մեծ քրոջը, որ, մեջտեղ ընկած պարում էր, «մինթանայի» փեշերն օդի մեջ ֆրֆրացնելով։

— Ասում են, որ է՛հ... սկսեց դարձյալ Սևիկ Մարգարիտը և խոսքն իսկույն կուլ տվեց...

— Ի՞նչ են ասում, ի՞նչ են ասում։

— Ես ինչ գիտեմ, մեղքը ասողի վզին, ասում են, որ Սոնայի այս տեղը դրուստ չէ...

Նա մատով խփեց ճակատին։

— Ախար, ես էլ ասում եմ, մի բան պետք է լինի, մի բան պետք է լինի...

— Իսկի խելք չկա էէ՜, իսկի։

Մի քանի վայրկյան ամենը հեգնաբար և ցավակցությամբ նայեցին նորահարսի կողմը։

— Բաս ասա «չորաթան» Զառնիչանի աչքը լույս էլի, խոմ աշխարհը տակնուվրա կանի, եթե հարսի խելքը տեղը չի,— ասաց Բարղամանց Մարջանը։

— Աստված ազատի նրա ձեռից, սաթայել է,— ավելացրեց խորամանկ Հռուսիկը։

— Պակասը նրա մեծ հարսն է՞, Գյուլնազը,— մեջ մտավ Միսկարանց Զառվարդը — կուտեն խեղճին, կուտեն։

— Է՜հ, ինչ եք խոսում, չեմ իմանում, գիժը գժին կգտնի էլի,— խոսեց դարձյալ սևիկ Մարգարիտը.— իրանց Դանելը խոմ նրանից լավ չի։

— Հա, լավ ասացիր, Դանելը այսօր խնամի է։ Տեսա՞ր, ինչպես ժամից գալիս մաշալա էր պահել հարսի առաջ, ուրախ-ուրախ թռչկոտում էր ու հուռա, հուռա կանչում։

— Ընկեր է գտել...

Արդարև, եթե կար այդ երեկո պայտագործից հետո մի մարդ, որ ամբողջ հոգով ուրախ էր — դա խենթն էր։ Հակառակ իր ազգականների ցանկության, նա ոչ միայն հարսանիքի հանդեսին մասնակցեց, այլև ինքն իրանից կարգադրություններ էր անում։ Նա ընթանում էր ամենից առաջ, ճանապարհ բանալով նորապսակների համար, երգելով, պարելով և զուռնաչիներին զանազան եղանակներ պատվիրելով։ Այժմ ոտաբաց, գլխաբաց չէր և ոչ էլ կեղտոտ ու