Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևաց ժպիտ։ Բայց ճակատագիրը ներհակ էր այդ մարդու բախտին։ Արդեն նրա աղջիկը յոթ տարեկան էր, երբ մի օր տեղի ունեցավ մի ողբալի անցք։

Մայիսի սկիզբն էր, մի պայծառ և սիրուն օր։ Որքան գեղեցիկ էր բնությունը, այնքան անողոք դարձավ աղքատիկ քաղաքի բնակիչների համար։ Մարդիկ, առանց գուշակելու իրանց գլխին գալիքը, զբաղված էին առօրյա մանր-մունր հոգսերով, երբ լսվեց մի ստորերկրյա որոտ։ Կենդանիները սկսեցին մռնչել, երկիրը ուժգնաբար երերվեց, քաղաքը կորավ թանձր փոշիի մեջ։ Քար քարի վրա չէր մնում։ Ամեն ինչ ճարճատվում էր, խորտակվում, դղրդում և թափվում։ Քանի մի վայրկյան առաջ շեն քաղաքը սոսկալի երկրաշարժից դարձավ ավերակների մի կույտ, և բնակիչները թափվեցին փողոցները։

Այդ միջոցին դերձակ Դանելը իր դազգահի մոտ նստած կար էր անում։ Ամենից առաջ, հարկավ, նա հիշեց իր աղջկան, թողեց խանութը բաց և ոտաբոբիկ, գլխաբաց վազեց տուն։ Երբ բակը մտավ, ականջին հասան լացի ձայներ։ Մի խումբ կանայք շրջապատել էին մի հողային բլուր։ Ճանապարհ տվեցին Դանելին։ Նա առաջ վազեց, և այն, ինչ որ տեսավ, առ միշտ խորտակեց նրա կյանքը…

Հողային բլրակի վրա երեսնիվեր ընկած էր նրա յոթ տարեկան զավակը։ Հինգ րոպե չկար դուրս էին բերել նրան քարերի և հողի տակից։ Մի կոճղ ընկել էր նրա կրծքի վրա և ջախջախել։ Դեմքն անվնաս էր։ Արևը լուսավորում էր նրա գունատ ճակատը։ Շքեղ և գանգուր մազերը, սփռվելով այդ ճակատի շուրջը, կազմել էին մի շրջանակ։ Դա նրա մահվան պսակն էր…

Մի շաբաթվա նորահարս էր Սոնան, երբ իր ամուսնու սենյակի լուսամուտի առջև նստած, լսում էր այս բոլորը։ Պատմողը նրա ամուսնու մեծ քույրն էր, Նարգիզը, որ զինագործի կին էր։ Այդ կինը, որ դեմքով և բնավորությամբ նման էր Մուրադին, բոլոր ազգականների մեջ ամենից շուտ և ամենից ավելի մտերմացավ նորահարսին։

— Աստված է իմանում ինչ պատահեց այդ մարդուն,— շարունակեց Նարգիզը,— հենց որ տեսավ իր աղջկան։ Նա