Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դժվարությամբ էին կարողանում իրանց համար ճանապարհ բանալ։ Ամեն մի քայլափոխում նրանց առաջ հանդիսանում էին մեկը մյուսից զարհուրելի տեսարաններ։ Մի կողմում երեք-չորս մարդիկ փալասի մեջ փաթաթած տանում էին բազարից դեպի տուն իրանց ազգականներից մեկի դիակը։ Փալասի ծայրերը բռնողները լաց չեն լինում, նրանց աչքերի արտասուքը չորացել է. նրանք առաջ են շարժվում լուռ ու մունջ, ինչպես գիշերային ուրվականներ։ Մյուս կողմում մեջքից ծռված մի ծերունի, կանգնած յուր փլատակված տան ավերակների վրա, ողբում է յուր որդու կորուստը, ուժաթափ ձեռները խփելով ալեզարդ գլխին։ Այստեղ հավաքված են մի խումբ մանուկներ։ Նրանք, իրանց մոր դիակը շրջապատած, մի այնպիսի աղաղակ են բարձրացրել, որ լսողի գլխի մազերն են ցցվում։ Այնտեղ ահա, ուղիղ փողոցի մեջտեղում, մի կին է նստած։ Նա յուր գրկում բռնած է մի մանկահասակ աղջկա ջարդ ու փշուր եղած գւուխը, կատաղի համբուրում է նրան։ Երբեմն բարձրացնում է յուր գլուխը և, երկու ձեռներով բռնելով անցորդների հագուստի փեշերից, բղավում է վայրենի ձայնով.


— Տվեք ինձ, ի՛նձ տվեք մինիկ աղջկանս, դուք եք նրան սպանել, անաստվածներ, դուք չօգնեցիք նրան հողի տակից դուրս բերելու։


Սակայն անցորդները ուշադրություն չեն դարձնում նրա վրա, միայն մի վայրկյան նայում են նրա արյունալի աչքերին, «գժվել է», բացականչում են և, գլուխները շարժելով, շարունակում են իրանց ճանապարհը։


Եվ այսպես, ամեն քայլափոխում Բարխուդարը և Հայրապետր հանդիպում էին մեկը մյուսից ավելի ողբերգական, ավելի սարսափելի պատկերների։


Վերջապես, հասան այն փողոցը, ուր գտնվում էին նրանց տները։ Դեռ փողոցի ծայրից Բարխուդարը տեսավ, որ յուր տան հանդեպ խառնվում են մարդիկ։


«Տունս թափվել է, կնիկս ու բալաներս տակն են մնացել», անցավ նրա մտքով, և նա զգաց սոսկում։ Պակաս չսարսեց և Հայրապետը, բայց նույն վայրկյանին հանկարծ նրանց առաջը կտրեց մի գունաթափ պատանի։