— Թքել եմ ձեր մի բաժակ օղիի վրա. կարո՞տ եմ, ինչ է։
Մուրադը, որին իրավ ոչինչ հայտնի չէր, զարմացած նայեց պայտագործի երեսին և մեղմ ձայնով ասաց.
— Չեմ հասկանում էշիդ ո՞վ է կաղ ասել, որ փրփրում ես։ Իմ տանը դռները առավոտ-երեկո քեզ համար կրունկների վրա բաց են։ Երբ ուզում ես, եկ, գնա, կեր, խմիր, ինչպես քո տանը։
Պայտագործը մեղմացավ։
— Հա՞ա,— ասաց նա, խոսելու եղանակը փոխելով,- որ այդպես է, բաս քիչ թե շատ օրինավոր մարդ ես։ Ջահիլները մեծի-պստիկի պատիվը պետք է ճանաչեն։ Բաս լավ կլինի, որ քո տանեցիներին էլ մի քիչ քաղաքավարություն սովորեցնես։
— Իմ տանեցիներն իրավունք չունեին քեզ ասելու. «Ա մարդ, ոտդ էրվում է, դենը դիր»: Դու իմ աներն ես, կթողնեմ քեզ իմ տունը, չեմ թողնիլ - իմ գործն է...
— Ա՜ֆերիմ տղա,— գոչեց Ոսկանը, միանգամայն հափշտակվելով — ա՛յ, տղամարդի խոսք, ա՜ֆերիմ, արի բերանդ պաչեմ...
Բայց հանկարծ նրա ամբիցիան գրգռվեց, և նա չկամեցավ միանգամից հաշտվել փեսայի հետ։
— Փա՛հ,— ավելացրեց նա, ուսերը քաշելով և ձեռները կաշվի գոտիի մեջ խրելով,— դու կարծում ես, շատ կարոտ եմ քո տանը։ Ինձ Պուլուզանց Ոսկան կասեն, հազար չխնդրեն, մեկ չեմ գնալ։ Թքել եմ հարուստների վրա, դու պատիվ ու քաղաքավարություն ասա՛, թե չէ — փողն ինչ է, ձեռի կեղտ, այսօր կա, վաղը չկա։ Ես քեզ համար եմ մտածում, թե չէ — ինձ ի՜նչ։ Որ դու ինձ պատիվ չանես, օրինավոր մարդիկ մատներով աչքերդ կհանեն։
— Իհարկե, իհարկե— համաձայնվեց Մուրադը պայտագործին հանգստացնելու համար։
Նույն օրը Մուրադը Սոնային թախանձեց բացատրել գործի էությունը։ Նորահարսը երկար ժամանակ աշխատում էր խույս տալ ուղիղ պատասխանից, բայց վերջը ստիպվեց եղելությունը պատմել։ Երբ Մուրադն իմացավ, որ իր մայրը