Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակում էր լսել և տխուր անցուդարձ անել գիշեր-ցերեկ։

Ուղիղ յոթ օր անցած կախարդուհին եկավ։ Նորից հարց ու փորձ արավ, նորից տան բոլոր սենյակներն և անկյունները դիտեց։ Նա բաց արավ Սոնայի մատի թելը, բարձրացրեց օդի մեջ, նայեց, նայեց և, կամացուկ քայլերով մոտենալով նորահարսի ննջարանին, հանկարծ մի ճիչ արձակեց, չոքեց շեմքի վրա և սկսեց իր սուր եղունգներով հատակը փորել։ Բոլոր տնեցիները երկյուղով և ապշած նայում էին նրան։

— Այս տան մեջ դև կա,- ասաց պարսկուհին և ոտքի կանգնեց։

Աչքերը լայն բաց արած` նայում էր չորս կողմը, իր ոսկրոտ ձեռները օդի մեջ շարժելով։ Կարծես նա աշխատում էր դևին որսալ, որ խեղդի իր մագիլներով։

— Տվեք ինձ մի կտոր կուպր, սև թել և մի հատ վեգ,- ասաց նա խորհրդավոր։

Սոնային հրամայեցին իսկույն բերել պարսկուհու ուզած բաները։ Դողալով և սարսափահար գտավ այդ բաները և բերավ։ Պարսկուհին յոթն անգամ թելը չափեց, յոթ թիզաչափ կտրեց, յոթն անգամ փաթաթեց վեգի շուրջը, յոթն անգամ կշկուռեց և յոթն անգամ զարկեց հատակին։ Հետո վեգը փաթաթեց կուպրով, տրորեց ձեռների մեջ, երեսը դարձրեց դեպի արևմուտք, աղոթեց անեծք կարդաց երկրին, կպրած վեգը կպցրեց Մուրադի ննջարանի դռան շեմքի վրա և թելի ծայրը բևեռեց հատակին։

Այս բոլորը նա կատարում էր դեմքը ծռմռելով և խորամանկ աչքերը պսպղացնելով։ Տնեցիները լուռ և զարմացված դիտում էին նրան։ Նայում էր և՛ Սոնան։ Կախարդուհու ամեն մի շարժումը նրան ցնցում էր պատճառում։ Նա և՛ վախենում էր պարսկուհուց, և՛ զզվում։ Եվ այս երկու զգացումներն այնքան զորեղ էին, որ նա մերթ զգում էր կրակի տաքություն, մերթ սառույցի պաղություն։

Երևի, պարսկուհին զգում էր, որ ինքը… նորահարսի վրա ազդում է, և այդ ազդեցությունը ավելի զորացնելու համար, նա շուտ-շուտ կնճռում էր և սուր ու անշարժ հայացքը