էր, լուսին չկար։ Դժբախտացած քաղաքի ողբերգության վկա աստղերը պայծառությամբ պսպղում էին։ Բնակիչները — ոմանք իրանց տների բակերում, ոմանք փողոցներում, բաց օդի տակ կամ վրանների մեջ — պատրաստվում էին հանգստանալու ցերեկվա չարչարանքներից հետո։ Ոչ ոք չէր համարձակվում յուր տունը մտնել, ամենքը երկյուղ ունեին երկրաշարժը կրկնվելուց։
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքները վճռեցին այս գիշեր միասին անցկացնել։ Գյուլնազը, Մարիամ բաջու օգնությամբ, սփռելով բակում, խորտակված պարսպից քիչ հեռու, մի քանի կապերտներ, բավական ընդարձակ տեղ էր պատրաստել երկու ընտանիքների համար։
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքների մեջ կար մի անկեղծ բարեկամություն նահապետական ձևով։ Երկու հարևան ընտանիքները մոտ քսան տարի էր, որ խաղաղ և անխախտ շարունակում էին այդ բարեկամությունը։ Քսան տարիներ ապրելով միասին, նրանք այնչափ ընտելացել էին իրարու, որչափ հազիվ կարողանան ընտելանալ երկու ազգական ընտանիքներ։ Մեկի տխրությունը բնականաբար տխրություն էր պատճառում մյուսին, ուրախությունը — ուրախություն։
— Մի հատ քեզ պես հարևանը ինձ համար թանկ է, քան տասը ազգականներ,— դեպքը պատահած ժամանակ Հայրապետը չէր մոռանում կրկնել Բարխուդարին։
Եթե պատահում էր, որ նրանցից մեկը այս կամ այն ձախորդության պատճառով ընկնում էր նյութական կամ բարոյական նեղ դրության մեջ, իսկույն մյուսը, առանց հարցնելու, աշխատում էր յուր հարևանին դուրս բերել նեղոթյունից։
— Բարխուդա'ր։
— Հը՞մ։
— Ախար երեկ էլի «սուխարի» (ժլատ) Սարգիսը բազարում բռնեց ինձ։
— Պատճա՞ռը։
— Դուքանի քրեհ է ուզում։
— Լավ։