Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղրական շարժում գործեց։ Ռոստամյանի արյունը գլխովը տվեց։ Նա, կատաղած, բռունցքները սեղմած, շրթունքները կրծոտելով, արյունալի աչքերով հարձակվեց անամոթ շրջավաճառի վրա։ Վերջինը, հենց առաջին հարվածից զգալով նրա կռների ուժը, շտապեց տաշտը վերցնել և հեռանալ, բարձրաձայն հայհոյելով։

- Ասիա, կատարյալ Ասիա է այս երկիրը,- գոչեց ծերունին, որ բարկությունից գունաթափվել ու դողում էր։

Հասնելով դռներին, Մինաս Կիրիլլիչը բարեկամաբար սեղմեց Ռոստամյանի ձեռն և որովհետև շատ էր վրդովված, ուստի չափազանցություն չհամարեց ասել, թե իբր հավիտյան չի մոռանալ նրա պաշտպանությունը։

Ահա այսպես արժանացավ Ռոստամյանն առաջին դեպքում այն մարդու համակրությանը, որ ապագայում չարագուշակ դեր պիտի կատարեր նրա ճակատագրի վերաբերմամբ։

Մյուս օրը Նատալիա Պետրովնան պատմեց, թե որքան ծերուհին շնորհակալ է Ռոստամյանից նախընթաց օրվա պաշտպանության համար։

— Ոնց որ տեսնում եմ,— ավելացրեց այրին,- հայր ու աղջիկ խիստ են սիրում ձեղ, Ստեփան Գրիգորիչ, մի գլուխ ձեզ վրա են խոսում։

— Շատ ուրախ եմ…

— Ապա ինչո՞ւ չեք ուրախ լինիլ, նրա նման աղջիկը, որ ինձ վրա խոսի, ես էլ ուրախությունից կպարեմ։ Է՞հ, հույս ունեմ, որ բանը գլուխ կգա, դուք միամիտ կացեք…

Ռոստամյանը, վախենալով, թե մի գուցե այրին իսկապես մտադիր է որևէ ակնարկություն անել հարևանների մոտ, կամ կարելի է արդեն արել է, շտապեց խնդրել, որ նա թողնի յուր անտեղի միջամտությունն այն բանում, որի մասին ինքը չի մտածել և չի մտածում։

— Կատակ եմ անում որդի, — արդարացավ այրին,- ես խոմ երեխա չեմ, որ իմ գլխու բաներ սարքեմ։ Է՛հ, դուք գիտեք: Բայց մի բան խնդրեմ, կկատարե՛ք։

— Հրամայեցե՛ք։

— Այս երեկո նրանք հայր ու աղջիկ պիտի գան իմ