Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր փչում, որ կասես, մեր էն մեծ թոնիրն էր։ Դու տեսե՞լ ես մեր մեծ թոնիրը։


— Հա, տեսել եմ։


— Իմանո՞ւմ ես, որ հաց թխելիս նրա մեջ ալովը ինչպես է «գուփ֊գուփ» անում։


— Հա, տեսել եմ, իմանում եմ։


— Այ, կովի բերանի կրակն էլ հենց էնենց «գուփ-գուփ» էր անում։ Իմանո՜ւմ ես։ Բաս լեզուն, էլ մի ասա, վա՜յ, վա՜յ. հենց կասես, որ նոր թխած կարմիր հաց լիներ։


— Սուտ ես ասում, ես չեմ հավատում,— ընդմիջեց նրան Սեյրանը, ուղղելով յուր գլխի թաշկինակը։


— Ես եմ սուտ ասո՞ւմ, եեեե՞ս, եեեե՞ս,— բարկացավ Սուսանը, գլուխը բարձրացնելով և ձեռներով ճակատի վրա թափած գանգուր մազերը հետ դարսելով։— Բաս չե՞ս իմանում, որ տափի տակին կարմիր կով կա։ Չե՜ս իմանում, որ երբ որ մարդիկ կարմիր կովին շատ են կթում, էլ նրա պստիկ բալի համար կաթ չեն թողնում, կովը հրսոտվում է մեզ վրա։ Չե՜ս իմանում, որ պոզերով տափը ժաժ է տալիս ու մեզ էլ տակովն է անում էսօրվա պես։ Հը՜մ, հը՜մ, չե՜ս իմանում։


— Քեզանից էլ լավ եմ իմանում, ինչպես չեմ իմանում, ամա դու է էի սո՛ւտ ես ասում, ինչու որ նրան հողի տակը իսկի չես տեսել։


— Սուտը դու ես, որ չես հավատում։ Սուտ, սուտ, սուո՚ւտ։


— Ուտես հավի կուտ, հը՛ը, դեհ, լա՞վ էրէ,— բարկացավ Սուսանը և կարմրեց։


— Հա' հա՛ հա',— կչկչաց Սեյրանը։


— Ծիծաղիր, ծիծաղիր, անհավատ, հարցու հայրիկից։


— Էլի ի՞նչ կա, ինչո՞ւ համար եք կռիվ անում,— մեջ մտավ Բարխուդարը, վերջապես չիբուխը հանելով բերանից և կշտին դնելով։


— Սեյրանը չի հավատում, որ տափի տակին կարմիր կով կա։


— Սուտ է ասում Սուսանը, ես հավատում եմ, արդարացավ Սեյրանը։