Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանացավ նրա առջև և դարձյալ նույն թախծալի աչքերը սկսեցին նայել նրա վրա:

— Ոչ. այս աններելի է,— ասաց նա ինքն իրան,— ամբողջ գիշեր մտածել մի օրիորդի մասին, մի՞թե սրանից ավելի թեթևամիտ բան կարող է լինել։

Այո՛, մի օրիորդի մասին, որն այժմ գտնվում էր նույն տան մեջ, ուր բնակվում է Ռոստամյանը, մի քանի քայլ հեռու, ահա՛, այն դիմացի սենյակներում։ Հետաքրքրելի է իմանալ, զարթնե՞լ է նա, թե՞ ոչ։ Եվ Ռոստամյանը մտիկ արավ յուր լուսամուտից դեպի դեմ ու դեմ։ Ոչ ոք չէր երևում. լուսամուտների փեղկերը դեռ փակ էին, այնինչ` արդեն տասը ժամն էր։

Բայց ահա փեղկերը բացվեցին, արևի թույլ ճառագայթները թափանցեցին նրանց սենյակները։ Ահա ծերունին, յուր տնային երկայն, մոխրագույն «խալաթով» և կարմրագույն տաճկական «ֆեսը» գլխին։ Նա հազալով դուրս եկավ պատշգամբից, նայեց դեպի վայր, հետո աջ ու ձախ և անհայտացավ։

Վերջապես, երևեցավ և նա, որին ուզում էր տեսնել Ռոստամյանը։ Արդեն հագնված նստած, Վարվառեն թեյ էր պատրաստում, դարձյալ տխուր, դարձյալ մռայլ։ Իսկ հայրը ժպտում է, ծիծաղում։ Անշուշտ նա աշխատում է զվարճացնել աղջկան — անշուշտ, որովհետև հեռվից անգամ այս է արտահայտում ծերունու դեմքը։

Ռոստամյանը զգում էր, որ քաղաքավարության սահմանից դուրս է ուրիշների ընտանեկան տեսարանին ականատես լինել։ Բայց այս — խելքի թելադրությունն էր, իսկ սիրտը ստիպում էր ամոթխած երիտասարդին անշարժ մնալ յուր լուսամուտի առջև։

Մինաս Կիրիլլիչը թեյ խմեց, հագուստը փոխեց և, մի քառորդ ժամ անցած, դուրս եկավ փողոց, յուր հետ տանելով ծառային։ Աղախինը սկսեց սրբել սենյակները։

Վարվառեն դուրս եկավ պատշգամբ, մտիկ արավ տերևաթափ ակացիայի ճյուղերին, դիմացի տանիքին, ներքև, վերև, հետ ու առաջ, բայց տակավին ոչ դեմ ու դեմ — դեպի Ռոստամյանի բնակարանը։