Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռոստամյանն, աշխատելով զսպել յուր բուռն ծիծաղը։— Գիտե՜ք, Նատալիա Պետրովնա, նա ոտով-գլխով ինչ բանի է նմանվում...— Ծածկած հովանու։ Գլուխը բարակ, սրածայր, ուսերը նեղ, արխալուղն երկայն, փեշերը լայն, իսկ և իսկ ծածկված հովանի... Լա՛վ նայեցեք, եկավ...հա' հա՛ հա՛։

Նատալիա Պետրովնան վարակվելով յուր երիտասարդ կենողի ծիծաղով, անձեռոցիկը բռնեց բերանին և սկսեց նույնպես բարձրաձայն քրքջալ։ Հետո նա աչքերը սրբեց, մի քիչ գինի խմեց և ասաց.

— Երանի, որդի, որ միշտ այդպես ուրախ տեսնեի ձեզ։

Ի՜նչ սազում է ձեզ ծիծաղը, ախ, ի նչ սազում է...

Ճաշը դեռ չվերջացած, փոստային նամակաբերն այրիի անունով մի նամակ բերեց։ Նատալիա Պետրովնան անմիջապես բաց արավ նամակը։ Գրողը Գաբոն էր և գրում էր վրացերեն։ Այրին շտապով կարդաց։ Գաբոն հայտնում էր, թե այս տարի արդեն ուսման ընթացքն ավարտում է, հետևաբար երկու-երեք ամսից հետո կգա բժշկի վկայականով։

— Աչքդ լույս, Նատալիա Պետրովնա,— գոչեց բարձրաձայն Ռոստամյանը,— այս էլ Գաբոյի կենացը,— ավելացրեց նա, կես բաժակ ևս մուգ-դեղնագույն հեղուկից խմելով։ Երկուսն ևս — այրին ավետաբեր նամակի, իսկ Ռոստամյանը գինու ազդեցությամբ — շատ ուրախ տրամադրության ներքո, երկար ժամանակ ոգևորված խոսում էին:

Ի վերջո, Ռոստամյանը խոսակցությունը դարձրեց Վարվառեի վրա։ Սակայն պատկառելի այրին, հայտնի չէր ինչու, այդ օրն առաջին անգամ խույս տվեց այս մասին խոսելուց։ Լսելով Վարվառեի անունը, նա հանկարծ ընկավ մտախոհության մեջ, և վայրկենաբար նրա դեմքը փոխվեց։ Ապա նա լռիկ, ինքնուրույնաբար գլուխը շարժեց և ցուցամատի ծայրը շտապով կծեց։ Ռոստամյանը զարմացած նայեց նրա երեսին և այլևս համարձակություն չունեցավ խոսքը շարունակել ցանկալի առարկայի վերաբերմամբ։ Առանց այլևս մի բան արտասանելու, նա բարձրացավ տեղից, գլուխ ավեց և հեռացավ յուր սենյակը։