տղամարդը վատ, շատ վատ արարած է։ Դուք ուզում եք իմանալ, թե Վարվառեն որ ամուսնանում է, հետո ինչո՞ւ է բաժանվում։ Գնացեք այդ բանը հարցրեք մեր ժամանակվա փուչ տղամարդերից, որ պսակված են… Ակիմ Աբրոսիմիչ Միզանդրոնցովը դուրս է գալիս մի աղվես։ Այդ մարդը, ո՛վ կարող էր իմանալ, մտքում դրած է լինում խոնարհ, անմեղ մարդ ձևանալ, քանի որ հորեղբայրը կենդանի է, որ նրա ժառանգությունը ստանա և հետո ինչ որ ուզում է, այն անի։ Այսպես էլ լինում է․ ծերացած Միզանդրոնցովն, յուր եղբոր որդուն պսակելուց վեց ամիս անցած, մեռնում է ու կարողությունը թողնում աղվեսին։
Այնուհետև Վարվառեի մարդը դուրս է գալիս յուր կեղծ մորթուց։ Առաջ նա ցերեկներն է սկսում ուշանալ, հետո գիշերները։ Մի գիշեր մինչև լույս տուն չի գալիս։ «Ո՞րտեղ էի հարցնում է Վարվառեն։ «Ընկերներիս մոտն էի, ասում է, առևտրական հաշիվներ էինք անում»։ Լա՛վ։ Մի ուրիշ անգամ էլ ուշանում է, ուրիշ պատճառ է բերում։ Վարվառեն բանի էությունը հասկանում է, տեսնելով, որ մարդն ամեն գիշեր ուշանում է։ Վերջը մի օր Միզանդրոնցովը հանկարծ կնոջը թողնում է ու գնում Պետերբուրգ, երկու շաբաթ ժամանակով, իբրև թե գործերով։ Երկու շաբաթը դառնում է չորս ամիս։ Գալիս է հետ, դարձյալ նույն կյանքն է շարունակում․ այս անգամ առավոտներն է տուն վերադառնում, աչքերն անքնությունից ուռած, կարմրած, երեսը դեղնած։
— Հենց որ ինձ տեսնում էր,— շարունակեց այրին Վարվառեի խոսքերով,— գլուխը կրծքին քաշ էր ձգում, համեստ, խոնարհ, սկսում էր ձեռք ու ոտքս համբուրել, երդվում էր յուր հոր ու մոր գերեզմանով, թե ինձ օրեցօր ավելի է սիրում։
Մի օր Վարվառեի ընկերուհիներից մեկը կատակով նրան մի բան է ասում Ակիմ Աբրոսիմիչի մասին։ Վարվառեն ծիծաղում է, բայց սիրտը սկսում է ցավել։ Մյուս օրը ուրիշից էլի մի բան է լսում։ Վարվառեն, ամոթից, սկսում է պաշտպանել յուր կեղտոտ ամուսնուն ուրիշների մոտ։ Հետո նա չի ուզում յուր ծանոթների աչքում երևալ, կարծում է, որ ամենքը ծաղրում են նրան իրանց մտքում։ Մյուս կողմից