Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո նա շալը բերանին պահած, մոտեցավ յուր ամուսնուն և ցած ձայնով ավելացրեց.


— Այ մարդ, երեխիս մի թողնիր, որ հողի տակ մնալը միտը քգի, ախար կզարզանդի ու հետո կհիվանդանա։


— Քո բանը չի, թող ինչքան ուզում է՝ խոսի, սիրտը կպինդանա, մին էլ, որ կմեծանա, կմոռանա,— ասաց Հայրապետը։— Ասա, բալաս, ի՞նչպես մնացիր հողի տակ, ի՞նչ էիք խոսում։


Սեյրանը, կարծես, հենց մի այդպիսի առիթ էր որոնում։ Նա գլուխը բարձրացրեց, ծալապատիկ նստեց անկողնի մեջ և այսպես սկսեց.


— Սուսանը տիկին-տիկին էր խաղում Սուսամբարի, Թագուհու, Զազառի, Սապանի, Խաթայիի, Նուրջիի ու Հուռսուսիկի հետ, ես էլ թամաշա էի անում։ Մին էլ տեսնենք «գյուռ-գյուռ» երկինքը դոռգոռեց, տափը լըխլխեց, գլուխս շուռ տվավ, ոտի վրա կանգնել չկարողացա։ Չիմ փախան, ես ու մեկ էլ Սուսանը մնացինք։ Ես էլ կփախչեի, ամա Սուսանը մնաց, եկավ կպավ շորերիցս, պուկ չեկավ, ես էլ չկարողացա ոտ փոխել։ Մին վախտ տեսնենք Ախչամանանց դուռը «Թարախկ» մեզ վրա ընկավ, մի քիչ գլխիս կպավ, ամա մին ցավացրեց, մին ցավացրեց, որ ես հարայ տվի ու տեղնուտեղը ընկա։ Սուսանն էլ ընկավ իմ կողքին։ Խեղճը մին լաց էր իլում, որ մազերս դիք-դիք էր կանգնում, սիրտս մղկըտ-մղկըտ էր անում։ Մին էլ տեսնեմ «գյուռ-գյուռ» հողը սելի պես թափվեց մեր գլխին, ամա Ախչամանանց գուռը ընկած էր մեզ վրա ու չէր թողնում, որ հողը մեզ շատ զոռ անի։ Սուսանը վախութենից ինձ ղուջ արավ, «ախ մամա, վա՜յ մամա» կանչելով:


— Հետո, հետո, հա, տեղս նեղ չէր, ամա գլխիս ճղված տեղը շատ ցավում էր, նաֆասս էլ մին քիչ փաթաթվում էր: Սուսանը ասեց. «Սեյրան, դա տափի տակը կարմիր կովն է, էլի հրսոտվել է մեզ վրա»… Հետո՞, հետո, ես ասացի, «Սուսան, եկ մենք էստեղից դուրս գալուց հետո էլ չարություն չանենք, կարմիր կովին չհրսոտացնենք, երեխաների հետ կռիվ չանենք, չիմին սիրենք»։ Սուսանը ասեց. «Հա, կսիրեմ, կսիրեմ, չիմ երեխաների աչքերին կսիրեմ, մինիկ եղբորս