Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիրիլլիչի հարցը` «իսկ դուք մնո՞ւմ եք», նրան շփոթեցրեց: Ռոստամյանը կարծում էր, որ ծերուհուն հաճելի չի լինիլ, եթե նա ուղեկցի նրանց։ Նա մտավ սեղանատուն, որ տակավին չիքն էր ընթրողների բազմությամբ, նստեց միայնակ մի սեղանի մոտ և ընթրիք պահանջեց, չնայելով, որ ուտելու ախորժակ չէր զգում։

Տուն վերադառնալիս երիտասարդը փողոցից նկատեց, որ Վարվառեի սենյակի պատուհանից ճրագի լույս էր երևում։ Նա ղդաց, որ տիկինը դեռևս արթուն է։

Արդարև Վարվառեն արթուն էր։ Մի թեթև ընթրիքից հետո, նա անմիջապես անցավ յուր սենյակը։

Թույլ լույսով սեղանի վրա վառվում էր մանիշակագույն լուսամփոփով ծածկված կանթեղը։ Նա լուսամփոփը վերցրեց, կանթեղի լույսն ավելացրեց և սկսեց հագուստը փոխել։ Քանի մի րոպե անցած, նա տնային թեթև զգեստով նստած էր անկողնակալի ծայրին, կանթեղի առջև։ Նրա քունը չէր տանում և ոչ էլ կարդալու ցանկություն աներ։ Կամենում էր առանձնանալ յուր սենյակում, և ահա միայնակ էր։ Դռները փակ էին, իսկ պատուհանները բաց։

Մինաս Կիրիլլիչը նույնպես առանձնացել էր յուր սենյակում։ Վարվառեն դրսից ո՛չ մի ձայն, ո՛չ մի շունչ չէր լսում. նրա սենյակի լռությունն ընդհատվում էր միայն սեղանի ծայրում դրած փոքրիկ ոսկե ժամացույցի շխկշխկոցով։ Նա նայեց ժամացույցին — ուղիղ մեկ ժամն էր։ Սկսեցշրջել հետ ու առաջ։ Մերթ ընդ մերթ կանգ էր առնում սենյակի մեջտեղում, երբեմն հանկարծակի ցնցումներ էր գործում, և այդ վայրկյաններին նրա մերկ պարանոցի և կիսամերկ թիկունքի վրա հանգչող արձակ, ոսկեփայլ մազերը սփռվում էին դեպի կուրծքը։ Նրա այտերի վրա վառվում էր մի անսովոր կարմրություն, շրթունքները հազիվ նշմարելի կերպով դողում էին, աչքերի մեջ փայլում էր ներքին հուրը։ Արդարև, այդ կատարյալ հուր էր, որ բորբոքում էր նրա արյունը, որ սաստկացնում էր նրա շնչառությունը, որ հաճախեցնում էր երակների զարկը և ուժգին բաբախել էր տալիս նրա կուրծքը։

Միամի՞տ ինքնախաբեություն։ Դեռ մի քանի օր առաջ