Վարվառա Մինաևնան էլ խելոք է. նա էլ ուսում առած է։ Երկուսն էլ լավն ու վատը հասկանում են։ Նրանք այնպիսի բան չեն անիլ, Կատո, դու սխալվում ես։
— Հա հա հա՜, — սրտի խորքից բարձրաձայն ծիծաղեց Լազար Մակարիչը,— ուսում առած են, հա հա հա՜։ Ա՜խ, Նատալիա Պետրովնա, դուք չեք իմանում, որ հիմիկվա ժամանակում ինչ որ վատ-վատ բաներ ասեք ուսում առածներն են անում։ Այ ձեզ օրինակ, Գուրգենյանը, ճանաչո՞ւմ եք, խոմ, լսե՞լ եք. Թիֆլիսում նրա պես կրթված, ուսում առած մարդ չկա։ Խնդրեմ, ասեք, ինչո՞ւ աշկարա այն բանն արավ... ինչո՞ւ մարդկանցից չամաչեց։ Էհ, մամա, էլի ամոթ ու պատկառանք ինձ նման հասարակ, տգետ մարդկանց մեջ է մնացել, թե չէ՝ ուսում առածների երեսում մեռոն չկա։
Այրին, հայտնի փաստի մասին լսելով, չհակառակեց։ Բայց նա այնքան հարգում էր յուր կենողներին, որ տակավին կամենում էր պաշտպանել նրանց յուր աղջկա և փեսայի հարձակումների դեմ։
— Դուք զուր եք Վարվառեին մեղավոր համարում, որ նա յուր մարդուց բաժանվել է,— ասաց նա, բավական ժամանակ լռելուց հետո։— Ես քեզ պատմել եմ պատճառը, Կատո. ի՞նչ աներ խեղճը, քանի որ Միզանդրոնցովը գազանից էլ վատ էր եղել։
— Սո՜ւտ է ասում,— տաքացավ Կատոն,— սո՜ւտ է ասում։ Հենց ասենք, թե վատ մարդ էր Միզանդրոնցովն, ի՞նչ անենք, նա խոմ չէր սպանում կնոջը: Շատ կանայք կան, որ իրանց մարդկանց չեն հավանում, ուրեմն, քո ասելով, ամենքն էլ պիտի թքեն ու փախչեն իրանց ծնողների մո՞տ։ Հետո՞... վերջն ի՞նչ կլինի...
— Ճշմարիտ է, Կատյուշա,— դարձյալ մեջ մտավ Լազար Մակարիչը,— շատ ճշմարիտ է, մարդ պետք է աշխատի, որ մարդկանց մեջ չխայտառակվի, հենց որ խայտառակվեց, բանը պրծավ, հոգոցն հանգուցելոց... Ինչո՞ւ պիտի իմ տան, իմ ընտանիքի գաղտնիքներն ուրիշների խոսակցության առարկա դառնան... Հը՞մ, լավ չե՞մ ասում։ Եթե ցավ ունիս, գլուխդ քաշ տա՛ր քո ցավն, էլ ի՞նչ ես հռչակում ամբողջ աշխարհում։ Լավ չե՞մ ասում, Կատո, հը՞մ։