Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգալով, թե ի՛նչ ազդեցություն արին յուր խոսքերը նրա վրա։ Փողոցի ծայրում նրանք ձիաքարշ նստեցին և վերադարձան։ Այլևս խոսակցությունը չշարունակվեց. Ռոստամյանն առիթ չէր տալիս, թեև Սարգսյանն աշխատում էր մեղմացնել յուր խոսքերի ծանր տպավորությունը։

Արդեն խուլ գիշեր էր, երբ Ռոստամյանն եկավ յուր բնակարանը...

Ճաշի ժամանակ, ճաշից հետո Մինաս Կիրիլլիչը լուռ, անդադար տարօրինակ հայացքներով մտիկ էր անում Վարվառեի շփոթված դեմքին։ Երեկոյան սովորական պահին դուրս եկավ փողոց, բայց դռներից հեռու չգնաց. կես ժամ անցուդարձ արավ տան առջև, հետո ներս մտավ և փակվեց յուր առանձնասենյակում։

Հաջորդ առավոտը ծերունին կանչեց խոհարարին, օրվա ուտելիքի համար պատվերներ տվեց և, հակառակ մշտական սովորության, այդ մասին չհարցրեց աղջկա ցանկությունը։ Յուր սենյակից նա դուրս եկավ միայն ճաշի ժամանակ, իսկ երեկոյան թեյը խմեց այնտեղ և գնաց այրիի մոտ։ Երկու ժամ անցած, նա հետ եկավ, ավելի հուզված և դարձյալ փակվեց յուր սենյակում։

Վարվառեն հուսաբեկ, սիրտը դառնությամբ լի, լուռ, չէր համարձակվում ուղիղ մտիկ անել հոր երեսին։ Պարզ էր նրա համար, որ հայրը մի բան հասկացել է, ուստի առաջին պահ ամոթն ավելի էր տանջում նրան, քան սիրո հագուրդ չստացած զգացմունքը։ Նա ավելի կցանկանար, որ հայրը պարզեր յուր կասկածը, նախատեր նրան բացարձակ, կամ լռեր։ Հոր անխոսությունն, իմաստալի հայացքները, մերթ ընդ մերթ հառաչելն և, վերջապես, անսովոր խուսափումը, միանգամայն կեղեքում էին դստեր սիրտը։

Միևնույն ժամանակ, Վարվառեն գիտեր, որ այդ լարված դրությունն երկար տևել չի կարող. վաղ թե ուշ հայրը բացատրություն պահանջելու է, ուրեմն բարվոք է վաղ, քան թե ուշ։

Ի՞նչ պատասխան պիտի տար հորը. սիրո՞ւմ է, թե՞ չէ Ռոստամյանին, եթե հայրը հարցն այսպես պարզ կերպով

437