Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորհում և դատում։ Իրավունք ունի։ Թո՛ղ դատի և դատապարտի, բայց ո՞չ ապաքեն օրենքներն ևս անհատներն են ստեղծում, ո՞չ ապաքեն եղել է ժամանակ, որ ներկա ավանդություններից շատերը, շատ շատերը բացառություն և դատապարտելի բացառություն էին համարվում և նույնպես պատժվում էին ամբոխի կողմից։ Եվ միթե միևնույն այս դեպքում այն, ինչ որ համարվում է այժմ հանցանք, ապագայում չպե՞տք է դառնա օրենք։ Միթե մի ոք կարո՞ղ է դադարեցնել բնության անընդհատ շարժվող մեքենայի անիվը...

Այս մտքերի ծանրության ներքո Ռոստամյանը ոտքի կանգնեց, նայեց դեպի գավիթ։ Արդեն անցել էր մի ամբողջ ժամ, բայց Վարվառեից պատասխան չկար։ Յուրաքանչյուր րոպե նա սպասում էր աղախնին։ Անցավ երկու, երեք ժամ ևս, պատասխան չկար։ Տիրեց տխուր երեկոն։ Գավթում արդեն մութն էր, իսկ Վարվառեի պատուհանում լույս չէր երևում։ Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել։ Մի՞թե Վարվառեն այնքան հիվանդ է, որ չի կարող գեթ մի քանի տող պատասխան գրել։ Մի գուցե նա չի ուզում պատասխանել... մի գուցե վճռել է մոռացության տալ։ Շատ հավանական է, չէ՞ որ նա «սիրում է հորը»։

Գիշերվա կիսին մոտ էր, այնինչ Ռոստամյանը, դռները բաց թողած, անցուդարձ էր անում պատշգամբի կողմի սենյակում։ Նա դեռ հույս ուներ մի լուր ստանալու... մերթ ընդ մերթ դուրս էր գալիս պատշգամբ, հուսալով մի կերպ հանդիպել ռուս աղախնին։ Բայց խոհանոցի ճրագն ևս վաղուց հանգցրած էր։ Պատշգամբի վրա տիրում էր մի հուսահատիչ խաղաղություն։ Մռայլ խավարն ահ էր ազդում նրա վրա. նրա սիրտը, կարծես, գուշակում էր մի նոր դժբախտություն։ Թվում էր նրան, որ չար օրհասն արդեն հավիտյան զրկել է նրան Վարվառեի տեսությունից։ Եվ այլևս հույս չուներ մի լուր ստանալու։ Ուստի դռները ծածկեց. հագուստը հանեց և պառկեց անկողին։

Տաժանելի էր այդ գիշերը նրա համար։ Ներկան և ապագան մի անթափանցելի քաոս էին ներկայացնում նրա առջև։ Ի՞նչպես պատահեց այդ բոլորն, ի՞նչպես հղացավ նրա մեջ և

29*