Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ ուրախություն չէր ներշնչում սկսած այն րոպեից, երբ նա հայտնեց յուր հորը, թե համաձայն է հետևել նրան — դուրս գալ Թիֆլիսից։ Նա գիտեր, որ հոր վճիռն անդառնալիր է. եթե ինքը չհամաձայնվի, ծերունին կթողնի նրան և կգնա միայնակ։ Թե ո՞ւր կգնա, աստված գիտե, բայց Վարվառեն զգում էր միայն, որ այնուհետև այլևս չպիտի տեսնի հորը։ Գործին մի ա՛յլ ընթացք տալ — այլևս անկարելի էր. մնում էր երկու ելք — կամ հետևել հորը հագուրդ չստացած սիրո հավիտենական տանջանքը սրտում, կամ հետևել Ռոստամյանին և դառնալ հայրասպան։ Երկար խորհելու ժամանակ չկար. պետք էր ընտրել այս երկու ճանապարհից մեկը, և նա վճռեց ընդունել առաջինը — յուր տանջանքը։

— Ո՛չ, երբեք սերն ինձ չի ստիպիլ ձեռք բարձրացնել ծերունի հորս վրա,— կրկնում էր Վարվառեն անդադար։

Եվ կրկնում էր ո՛չ թե հուսահատված մարդու այն անվեհերությամբ, որ արտահայտում էր խրոխտ, անդառնալի հաստատակամություն, այլ որպեսզի կարողանա յուր վճռին հավատարիմ մնալ մինչև վերջին սարսափելի րոպեն։ Դա մի տեսակ խրախույս էր, որ նա տալիս էր ինքն իրան, աշխատելով, հանուն որդիական սիրո և պարտաճանաչության, զսպել մի ավելի զորավոր սեր։ Բայց եթե նա կարող էր վերջինի վրա մի վճռական հաղթություն գործել, զոհելով յուր երջանկությունը հոր պատվասիրությանն, ապա ի՞նչ անել մի զարհուրելի հանդիմանության դեմ։ Դա Ռոստամյանի վշտահար պատկերն էր, որ, կանգնած նրա աչքերի առջև, վերջին հուսահատությամբ գոչում էր. «Իսկ ե՞ս, մի՞թե դու, որ այդքան ցավում ես մի ծերունու հանգստության համար, պիտի զոհ ե՞ս մի երիտասարդ կյանք»։

Ահա ինչու Վարվառեն, վճռած լինելով հետևել հորը, միևնույն ժամանակ, տակավին տատանման մեջ էր։— Ի՞նչ կանի Ռոստամյանը, կարո՞ղ է կրել այդ հարվածը, կարո՞ղ է մոռանալ։

Այս մտքերից տանջվելով, Վարվառեն մի երեկո անցուդարձ էր անում յուր սենյակում, բարակ տնային չթյա հագուստով։ Պատուհաններն ու դռները փակ էին, դրսում եղանակը հով էր, իսկ սենյակի մթնոլորտը ծանր էր և տաք։ Նա