Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիմանեց և հայտնեց, թե այլևս յուր այցելությունը ավելորդ է, քանի որ հիվանդն իրան բոլորովին առողջ է զգում։ Մինաս Կիրիլլիչը նրա վարձը տվեց և ճանապարհ դրեց։

Այսպես թե այնպես, Վարվառեն ոտքի վրա էր։ Իսկ Մինաս Կիրիլլիչը ճանապարհի պատրաստություն էր տեսնում: Սպասած փողը նա արդեն ստացել էր: Մի առավոտ նա առաջարկեց Վարվառեին՝ իրերը կապկապել, որպեսզի երկու օրից հետո պատրաստ լինին առավոտը կանուխ ճանապարհ ընկնելու։ Ծերունին արդեն պատվիրել էր կահ-կարասիքի տիրոջը, որ այդ օրը գա և տանե յուր ապրանքը։ Իսկ դաշնամուրը պիտի տանեին ուղևորության նախընթաց օրը։

Եվ Վարվառեն զբաղված էր յուր իրեղենները տեղավորելով, երբ Մատրենան ներս մտավ և շուռ, դողդողալով հանձնեց նրան Ռոստամյանի նամակը։

— Ո՞վ տվեց, — հարցրեց Վարվառեն, որ մինչ այդ րոպե դեռ ծանոթ չէր Ռոստամյանի ձեռագրին։

— Այն երիտասարդ պարոնը,— պատասխանեց աղախինը, ձեռով ցույց տալով դիմացի բնակարանը:

Վարվառեն թուլացած նստեց աթոռի վրա և ձեռով աղախնին նշան արավ, որ դուրս գնա: Նա ծրարը դողդոջուն մատներով բաց արավ և նամակը կարդաց։ Նամակը համառոտ էր և խիստ ազդու։ Մի քանի րոպե, հոգնած գլուխը դեպի ուսը թեքած, թույլ ձեռները ծնկների վրա դրած, Վարվառեն տատանվում էր — ընդունե՞լ Ռոստամյանին, թե՞ մերժել։

Նամակի տողերը հուսահատություն էին ներշնչում. նա գրված էր հոգեկան ամենավշտալի դրության մեջ։ Մի անգամ և միայն մի անգամ Ռոստամյանը տեսակցություն էր խնդրում։

— Նա լսել է իմ գնալն և հույս չունի ինձ տեսնելու,— ասաց Վարվառեն,— ոչ, ես չեմ կարող այսպես սառն անջատվել նրանից. հուսահատությունը նրան կսպանի։ Ես նրան սիրտ կտամ... Պիտի կատարել նրա վերջին և միակ աղաչանքը։

Բայց ի՞նչպես, ո՞րտեղ նշանակել տեսակցությունը։