մեջքից սակավ ինչ թեքված — այս դրության մեջ նրա կերպարանքը, կանթեղի թույլ լուսո ներքո, ներկայացնում էր մի մարմնացած հուսահատություն։ Եվ ահա այս վիճակում նա աղերսում էր Ռոստամյանին, որ գնա, հեռանա, զրկվի հավիտյան նրա տեսությունից։ Ո՞ւր գնա, ի՞նչպես մոռանա — այս մասին նույն րոպեներին նա դարձյալ չէր մտածում։ Մտածում էր միայն ծերունի հոր մասին, որ րոպե առ րոպե կարող էր ներս մտնել և տեղն ու տեղը հանդիպել յուր մահը։
Վերջապես, Ռոստամյանը բոլորովին յուր հույսը կորցրեց։ Նա սպառնալի դեմքով և աղեկտուր ձայնով, հազիվհազ շունչ քաշելով, արտասանեց.
— Անգո՜ւթ, դու ինձ չես սիրում...
Մի դառն ժպիտ աղավաղեց Վարվառեի հիվանդոտ դեմքը, և նա, լուռ ձեռը մեկնեց դեպի հոր առանձնասենյակի կողմը։
— Ուրեմն, զոհի՛ր ինձ նրան,— գոչից Ռոստամյանը և, առանց վերջին մի համբույր տալու, առանց անգամ վերջին բարևն ասելու, շտապեց դուրս։
Վարվառեն անշարժ արձանացած կանգնած, լսում էր նրա արագ-արագ հեռացող քայլերի ձայնը, որ հետզհետե նվաղում էր։
Հանկարծ նա մի խուլ, հուսակտուր հնչյուն արձակեց կրծքից, վազեց դեպի դռները, նայեց դեպի պատշգամբի մյուս ծայրը։
Ռոստամյանն անհետացել էր...
— Վերջապես,— արտասանեց Վարվառեն և ուժասպառ երեսնիվայր ընկավ անկողնակալի վրա...
XIII
Լուսացավ այն առավոտն, երբ հայր ու աղջիկ պիտի Թիֆլիսից ճանապարհ ընկնեին։
Արդեն ամեն ինչ պատրաստ էր. իրեղենները կապկապած, տան կահկարասիքը մի կողմ հավաքած։ Դեռ երեկոյան