Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմիջապես գնաց Ռոստամյանի մոտ։ Սա, սենյակի մի անկյունում նստած, գլուխը կրծքին քաշ արած, մռայլ հայացքը բևեռել էր հատակի մի կետին։ Տեսնելով տանտիրուհուն, սթափվեց, բայց տեղից չշարժվեց։ Արդեն նա պատրաստված էր վերջին սարսափելի հարվածն ընդունելու։ Այրին հանդարտ քայլերով մոտեցավ և նստեց սեղանի մոտ, հառաչելով և «ախ ու վախ» քաշելով։

— Այնտեղի՞ց եք գալիս, Նատալիա Պետրովնա,— հարցրեց Ռոստամյանը։

— Կես ժամ առաջ այնտեղ էի,— պատասխանեց այրին և, շրթունքները սեղմելով, քթի ծակերով ներս շնչեց օդը։

Ռոստամյանը մի հարցական հայացք ձգեց տանտիրուհու վրա։

— Աստված ողորմած է, որդի.— ասաց այրին,— բժիշկն այնտեղ էր, էլի հույս է տալիս։

— Խոսո՞ւմ է:

— Ինչու չէ, մեկ-մեկ խոսում է։ Ինձ տեսնելիս խիստ ուրախանում է, ձեռս, միշտ բռնած, բաց չի թողնում, քանի որ մոտը նստած եմ լինում։ Է՛հ, ինչ ասեմ, տա աստված, որ առողջանա խեղճ կնիկը, ես խոմ նրան իմ որդուս չափ սիրում եմ։ Ո՞վ ունի նրա հոգին ու սիրտը։ Նա բարի է, հրեշտակի պես։ Տեր աստված, աշխարհիս երեսին քի՞չ կան վատ, չարահոգի մարդիկ, ինչո՞ւ հիվանդությունը նրանց չի մոտենում։

Ռոստամյանը լսում էր թե չէր լսում, բայց անթարթ աչքերով նայում էր նրա երեսին։ Հանկարծ նա հարցրեց.

— Նատալիա Պետրովնա, դուք էլ, ուրիշների նման, մեղադրո՞ւմ եք Վարվառեին։

Նատալիա Պետրովնան հասկացավ Ռոստամյանի հարցի միտքը, բայց իսկույն չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան հառաչելով, նայեց դեպի գավիթ և նույն դրության մեջ ասաց.

— Աստծու գործն է, ես ի՞նչ գիտեմ։ Մարդս չի կարող աստծու արած բանին հակառակել...

Արդյոք, ո՞րն է «աստծու արած բանը», որին մարդ չի