Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վազ չէի տալ տերտերի մոտ, թե ինչ է' իմանանք երբ է մեծ պասը սկսվում։


Այս խոսքերից հետւ Գյուլնազը շալը գցեց Սուսանի գլխին, ինքն էլ փաթաթվեց չարշովի մեջ, բռնեց աղջկա ձեռքից և տարավ կույսի մոտ։— Ա՛ռ, ուսում տուր, ամա դու քո աստվածը, երեխիս քիչ թակիր։


Երեք տարի Սուսանը մնաց կույսի ուսումնարանումt Առավոտները նա Սմբատի ուղեկցությամբ գնում էր և դարձյալ Սմբատի ուղեկցությամբ վերադառնում տուն։ Երբ նա բավականաչափ սովորեց կարդալը և «բարովագիր» գրելը, Բարխուդարը դուրս բերավ նրան ուսումնարանից։


Սուսանն օրըստօրե աճում էր ու մեծանում։ Տասնչորս տարեկան հասակից նրա ճկուն մարմինը սկսեց ստանալ յուր կատարյալ և որոշ ձևերը։ Նա դարձավ բարձրահասակ, վայելչակազմ օրիորդ։ Նրա դեմքի գծագրությունը, հետզհետե զարգանալով, ստացավ կանացի չափահասության հատուկ կատարելությունը։ Ուսումնարանից դուրս գալուց հետո ծնողները նրան արգելեցին օտար տղամարդկանց առաջ երևալ։ Նա փակվեց տանը։ Սկզբում մի քիչ դառն թվաց նրան ծնողների այս կարգադրությունը։ Մանկական աղատ կյանքից հետո, բանտարկվելով, սկսեց տաղտկանալ։ Նա սովորել էր ցերեկ ժամանակ փողոցներում այս ու այն հարևանի բակում յուր ընկերների հետ թռչկոտել, խաղալ, ազատ, արձակ, բաց օդում։ Նրա համար անտանելի էր, նամանավանդ արեգակնային օրերը, նսաև սենյակում, յուր մոր կշտին և թոռ կամ գուլպա գործել։ Սակայն ժամանակի ընթացքում ստիպեց նրան հետզհետե ընտելանալ այս ձանձրալի դրության և նա ընտելացավ, թեև սովորությունը այնքան թեթևություն չտվավ նրա սրտին։


Ուղիղ ինը տարի էր անցել երկրաշարժից։


Մի ամառային օր Սուսանը, իրանց տան սրահում նստած, թոռ էր գործում։ Դեմուդեմ նստած էր նրա մանկության ընկերուհիներից մեկը։ Դա հարևան կոշկակար Եղիայի աղջիկն էր:


Սուսամբարը մոտ տասնութ տարեկան օրիորդ էր, միջեն հասակով, նիհար ու դեղնած դեմքով և բարակ կազմվածքով: