Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՜հ փառք քեզ աստված,— սկսեց Հայրապետը, աջ ձեռքը քսելով ճակատին։

— Ի՞նչ կա, ի՞նչ չկա, Բարխուդար։

Վերջինը պատասխանելու փոխարեն Հայրապետի երեսին նայեց և ալքերով մի նշան արավ։ Հայրապետը իսկույն հասկացավ, ինչ է նշանակում այդ նշանը։

— Մարիամ, վե՛ր կաց, դուրս եկ,— դարձավ նա յուր ամուսնուն։

Մարիամ բաջին դուրս եկավ։

— Ես չեմ սիրում, որ երբ տղամարդիկ մի շատ հարկավոր բանի վրա խոսում են, կանայք լսեն,— ասաց Բարխուդարը ծխախոտի չորացած տերևը ձեռների ափերում տրորելով, որ չիբուխը լցնի։

Բարխուդարը խոսում էր սառն ու քիչ կոշտ։ Նրա դեմքը արտահայտում էր տխրություն և բարկություն։

— Ես էլ չեմ սիրում Բարխուդար, կնիկարմատի բերանում ոսպ չի թրջվում, մի բան որ լսեցին, աշխարհը լսեց։

Նկատելով յուր հարևանի սառնությունը, Հայրապետն ինքն ևս աշխատեց, որքան կարելի է, յուր դեմքին լրջություն տալ, և տվեց։

— Էդպես է։ Հայրապետ, ես եկել եմ քեզ մի քանի բաներ ասելու, թող հենց առանց պատեպատ ընկնելու սկսեմ,— ասաց Բարխուդարը, և չիբուխի ծայրը դրավ բերանը, մյուս ծայրը մեկնեց ճրագին, որ ծխախոտը վառի։

— Իմ զահլեն տանում են բազի մարդիկ, որ իրանց ուզածը ասելու տեղ, սար ու քոլ են ընկնում։

— Խոսք չկա, Հայրապետ, որ լավ միտդ է երկրաշարժի երեկոն։

— Պարզ, ինչպես էս ճրագը։

— Մի՞տդ է, որ էն երեկո միասին հավաքված անցկացրինք։

— Լա՛վ։

— Նա էլ է միտդ, թե ինչ խոսեցինք։

— Միտս է, ամա էնքան էլ պարզ չի, չէ՛, հըմ, կա՛ց, մի ֆիքր անեմ։