Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շիրվանզադեի ստեղծագործությունը կարելի է բաժանել երեք կարգի՝ պատմվածքներ, վեպեր և դրամաներ։

Երեք ժանրի գործերում էլ նրա նյութը քաղաքն է, ըստ որում նկարագրում է քաղաքներում ապրող ամեն մի խավի մարդկանց՝ իրենց ուրույն գծերով՝ մտայնությամբ, հոգեբանությամբ և կենցաղի առանձնահատկություններով: Մենք նրա երկերում տեսնում ենք ոչ միայն հարուստ բուրժուաներ, այլև բանվոր, աշխատավոր, արհեստավոր մարդիկ, նաև ամեն պրոֆեսիայի գործիչ երաժիշտ, նկարիչ, լրագրող, քահանա, ուսուցիչ, ուսանող, աշակերտ, ապա անդրկովկասյան ազգերի մարդիկ՝ իրենց ազգային ուրույն կոլորիտով։

Սակայն մեր հեղինակի վրձինը, իհարկե, ավելի վատ գծերով է պատկերում հատկապես բուրժուական միջավայրը, բուրժուական ընտանիքը, որտեղից և վերցնում է իր «հերոսներին»:

Եվ այս հանգամանքը առիթ է ավել, որ անցյալում որոշ միամիտ մարդիկ ենթադրեն, այո, միայն ենթադրեն և ոչ ըմբռնեն, թե քանի որ Շիրվանզադեն զբաղվում է բուրժուական կյանքի նկարագրությամբ, ուրեմն բուրժուական նախասիրություն ունի, և այս իմաստով քննադատել են նրան, չկարողանալով տեսնել թեմատիկայի և գաղափարախոսության տարբերությունը, կամ ավելի լավ է ասել, թեմատիկան ու գաղափարախոսությունը շփոթել էին միմյանց հետ։ Բուրժուական կյանք է նկարագրում՝ ուրեմն բուրժուական գրող է:

Այո, Շիրվանզադեն բուրժուական է լոկ իր թեմատիկայով, սակայն նրա տրամադրությունը իր բոլոր երկերում հակաբուրժուական է, վերաբերմունքը՝ ժխտական։ Նրա համակրանքը, սերը միշտ զրկվածների կողմն է։ Նա տենդենցիոզ հեղինակների նման ընդգծումներ չի անում, թե ինչն է ատում և ինչը սիրում: Նա խոսքի արվեստով նկարագրում է կյանքը իր բազմազանությամբ և եզրակացությունը թողնում ընթերցողին։ Իսկ ընթերցողը, նրա երկերի ուշադիր ընթերցողը, եզրակացնում է, որ բուրժուական կյանքը անարդար, անիրավ և այլասերված կյանք է, հենված խաբեության, շահագործման վրա։ Ուրիշ խոսքով՝ ընթերցողը Շիրվանզադեի գործերում տեսնում է այդ շահամոլ դասակարգի արատների ու ախտերի մերկացումն ու քննադատությունը։

Եվ եթե խոսք է լինում քննադատական ռեալիզմի մասին, ապա պետք է ասել, որ այդ ուղղության ամենացայտուն ներկայիչը մեզանում Շիրվանզադեն է:

Ի՞նչ է նկարագրում մեր հեղինակը իր բազմաթիվ պատմվածքներում, վեպերում ու դրամաներում—բուրժուական ու քաղքենիական տխուր իրականություն. մեծ քաղաքներում իշխում է փողի պաշտամունք, խաբեություն, կեղծիք, դրամի հերոսները անձնական շահի համար ոտնահարում են բարոյական ամեն նորմա, պատրաստ են ուրիշի դագաղը դարձնել իրենց պատվանդանը։ Սակավաթիվ ճարպիկ շահամոլներ ձգտում են հարստություն կուտակել և շռայլորեն վայելել կյանքը, իսկ մյուսները՝ աշխատավորները, տանջվում են մի կտոր հացի համար,