Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առանց օրինակների մեր միտքը շատերին կարող է մութ թվալ, ուստի թող փաստերը մեր թարգմանը լինեն։

Հայտնի է, որ անգլիական հասարակությունը, ուրեմն և անգլիացի ընթերցողը ազգային ավանդությունների, կրոնական սկզբունքների, մանավանդ ընտանեկան առաքինության անխախտության եռանդուն պաշտպան է։ Դա ոչ միայն ժողովրդի անկիրթ կամ կիրթ խավերի հատկանիշն է, այլ ամբողջ ազգի, նույնիսկ նրա առաջնակարգ դասի։ Այս պատճառով էլ անգլիացին յուր ազգային հեղինակներից պահանջում է նախ և առաջ հարգանք դեպի յուր սիրած ու փայփայած սկզբունքները։ Գրականությունը, կամա թե ակամա ենթարկվելով այդ պահանջին, ստիպված է դոհացնել եթե ոչ լիովին, գեթ մեծ մասամբ հասարակության ճաշակը։ Եվ որքան հեղինակը անկախ և ինքնուրույն հոգու տեր լինի, չի կարող արհամարհել այդ ճաշակը, եթե ինքը չի կամենում դատապարտվել արհամարհանքի կամ մոռացության փոշիի մեջ թաղվել։ Այսպես, օրինակ, Դիկկենսը, որ մեր դարի ինքնուրույն հեղինակներից մեկն է համարվում, նա ևս յուր զորեղ հանճարը հպատակեցրեց ազգային պահանջներին, յուր վեպերի մեջ հանդիսանալով ընտանեկան առաքինության սկըզբունքների զորեղ պաշտպան և չարի դեմ բարիի հաղթության կողմնակից։ Եվ ոչ մի քննադատ, որքան նրա ֆանտազիան ձգտեր ժամանակից առաջ թռիչքներ գործել, չէր կարող փոխել տիրապետող սկզբունքների ուղղությունը, այսինքն չէր կարող ժամանակի ոգու և ճաշակի դեմ հաղթող հանդիսանալ։

Նույնը կարելի է ասել նաև ուրիշ հեղինակների և ուրիշ ազգերի գրականության մասին։ Վերցնենք ֆրանսիական ժամանակակից գրականության սանձարձակ ուղղությունը։ Ասել թե այս ուղղությունը մի քանի անհատների՝ լինեն նրանք հեղինակներ թե քննադատներ, խելքի ու հոգու ծնունդ է, կնշանակե չհասկանալ ամենահասարակ երևույթների պարզ պատճառները։ Ժամանակակից ֆրանսիական բուրժուա հասարակության տիրապետող զեխ, շռայլ, կրքոտ, անբարոյական կյանքը, ինչպես ամեն բանի, նույնպես և գրականության համար, ստեղծել է իրան վայել պահանջներ։ Ուստի այն հեղինակը,