Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է և ծանրաբեռնված մեծ ընտանիքով, նյութական այնպիսի կարոտություն է զգում, որ միանգամայն ամոթ և նախատինք է բերում հայ հասարակոլթյանը։ Երեսուն տարուց ավելի է, Աղայանցի անունը հայտնի է գրական աշխարհում։ Երեսուն տարի է, որ այդ մարդը գործում է ազգային ասպարիզում։ Նա մեր Ժողովրդական ամենաշնորհալի գրողներից մեկն է։ Նա մեր մանկական գրականության առաջին զարդն է։ Նա իբրև ուսուցիչ և մանկավարժէ կրթել է հարյուրավոր հայ մանուկների։ Նա իբրև մանկատան գրող կրթել և զարգացրել է հազարավոր հայ մանուկների միտքն ու սիրտը իր անկեղծ հոգով և զգացմունքով գրված տաղանդավոր մանկական հեղինակություններով։ Նրա ժողովրդական կյանքին և մեր ազգային ավանդություններին վերաբերող վեպերը, վեպիկները և հեքիաթները հիացրել են երեսուն տարի հայ ընթերցողներին։

Եվ ահա այսօր այդ մարդը գտնվում է նյութական ծանր դրության մեջ»։ Ի՞նչ ասենք այժմ, ի՞նչ հադիմանություն կարդանք այն հասարակությանը, որ թողնում է իր համակրելի գրողին, օգտակար մանկավարժին, զգայուն ուսուցչին այդ դրության մեջ։ Հին է այն հայկական առածը, թե «գնա մեռիր, արի սիրեմ»: Հին է, բայց արդարացի և ամոթ այն հասարակությանը, որ ամեն անգամ առիթ է տալիս այդ առածի արդարանալուն մեր կյանքի մեջ։ Աբովյանը մեռավ աղքատության մեջ։ Նալբանդյանցը մեռավ աղքատության մեջ։ Այդ դեռ հասկանալի է, դեռ մասամբ ներելի է, որովհետև դա պատահեց երեսուն֊քառասուն տարի առաջ, երբ հայ հասարակությունը նոր էր սկսել զարթնել իր ասիական խոր քնից։ Իսկ ա՞յժմ։ Չէ որ մենք պարծենում ենք մեր համեմատական քաղաքակրթությամբ։ Չէ՞ որ մենք նկրտումներ ունենք մեզ դասել մտավորապես ապրելու արժանի ազգերի շարքը։ Չէ՞ որ մենք ճգնում ենք ապացուցանել ամբողջ Եվրոպային, թե մենք իրավունք ունենք լուսավորություն ընդունելու և լուսավորություն տարածելու արժանի այդ կոչվելու։ Բայց ի՞նչ փաստերով ենք ապացուցանում մեր նկրտումների իրավացիությունը։ Նրանո՞վ, որ մեր տաղանդավոր հեղինակների թողնում ենք ծերության հառակում տքնել աղքատության ծանր լուծի տակ։ Պռոշյանցր մոտ քառասուն տարի է գործում