Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ դերասաններից սակայն ոչ մեկը Թիֆլիսում չկար, բացի Ադամյանից, երբ Աբելյանը ընդունվեց խումբ։ Ադամյանր, որ ուներ իսկական արվեստագետի ինքնասիրություն և գիտակցություն, չհետևեց յուր ընկերակիցների օրինակին, չթողեց Կովկասը, զգալով որ Կ. Պոլսի թրքական մթնոլորտում գեղարվեստական ոչ մի տաղանդ զարգանալ չի կարող։ Հայ դերասանի միակ փրկարար շրջանը Կովկասն էր և մասնավորապես Թիֆլիսը։ Ապագան արդարացրեց Ադամյանին։ Նա մնաց Ռուսիայում և դարձավ արտիստ, իսկ մյուսները թողեցին իրանց տաղանդը, մոռացվեցին, բացի տիկին Սիրանուշից, որ այսօր իսկ գործում է Կովկասում հաջողությամբ։


Հայ բեմն այդ ժամանակ սնվում էր ֆրանսիական խոհանոցի արտադրություններով՝ մելոդրամներով։ Առողջ ռեպերտուար հայ թատրոնի համար գոյություն չուներ։ Միայն Ադամյանի բացառիկ տաղանդի շնորհիվ մերթ ընդ մերթ ասպարեզ էին գալիս Շեքսպիրի և Շիլլերի գործերը, Գուցկովի նշանավոր «Ուրիել Ակոստա»֊ն։


Ահա այդ միջոցին էր, երբ Աբելյանը առաջին անգամ ցույց տվեց բեմական ձիրք գրեթե միաժամանակ Գևորգ Պետրոսյանի հետ, որ անցյալ տարի վախճանվեց, ձգելով հայ թատրոնը սգի մեջ։


Ներկայացվում էր Շեքսպիրի «Արքա էիր»֊ը։ Այս պիեսի մեջ երկրորդական դերերի շարքում կա մեկը, որ շատ դժվար կատարելի հոգեբանական նուրբ տիպար է ներկայացնում՝ Էգգարը։ Աբելյանին էր հանձնված այդ դերը, և այդ նրա համար մի տեսակ փորձաքար էր։ Տողերիս հեղինակը հիշում է այն անսպասելի ոգևորությունը, որ հանկարծ պաշարեր թատրոնի սրահը, երբ Աբելյանը պատկերացնում էր Էգդարի 313