Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես ասել, իբրև մի անկազմ մեքենա, որբ չգիտես թե ինչ մասն է որին պատկանում, որն է պակաս և որն ավելորդ։

Գուցե դորա պատճառն այն է, որ հեղինակը յուր վեպը «սկսել ու վերջացրել է ամիս ու կեսում», ինչպես ինքն է ասում յուր գրքի առաջաբանում, և ասում է, կարծես պարծենալով։ Բայց դա մի այնպիսի տկար պատճառ, է, որ երբեք չի կարող արդարացնել պ. Պռոշյանի նման փորձված և արդեն ծերացած հեղինակին։

Արագ գրելն և շատ գրելը մի մեծ քաջություն չէ, խնդիրն այն է, թե գրածդ ինչ է։ Ֆլորերը «Ցեցեր»-ի չափ մի վեպի վրա երբեմն տասը տարի էր աշխատում, գրածը ջնջում, նորից գրում, ջնջում, մաքրում ու դուրս բերում մի մշակված ամբողջություն։ Զոլան, գովելով այս զգուշությունը, օրինակելի Վիպասան է համարում նորան։ Արդարև նա երևելի հեղինակ էր, և նորա բոլոր գրվածները երկար կապրին, ոչ միայն Ֆրանսիայում, ուր ամեն ինչ արագ է փոխվում, այլև բոլոր օտար գրականությունների մեջ։ Սերվանտեսի անունը համայն աշխարհում անմահացրել է մի «Դոն-Քիշոտ», Գրիբոեգովինը Ռուսաստանում հռչակել է «Խելքից պատուհասը», որ շատ կապրի, քան թե դիցուք Ուսպենսկու բազմահատոր գրվածները, և որը բարձր է Օստրովսկու անթիվ պիեսաներից ի մի առած։ Կրաշևսկին չորս հարյուր հատոր է գրել, բայց նորա գրվածների մեջ միայն մի քանիսն են գեղարվեստական համարվում։ Զոլան օրական երեք երեսից ավելի չէր գրում և ինչ որ գրում էր, նախ՝ խորն ուսումնասիրում էր և երկար ժամանակ ուղղում, զտում, հետո հրատարակում։

Օրինակներ շատ կան, բայց նոքա մեզ շատ հեռու կտանին։ Մենք այսքանն ենք ուզում հասկացնել, որ շտապելը կարող է վնասել, մանավանդ չափավոր տաղանդներին, որոնք իրանց տաղանդի թերին կարող են երկար ուսումնասիրությամբ և զգույշ վարվողությամբ լրացնել։ Ապագա քննադատը Րաֆֆիի թերությունները մատնացույց անելիս, անկասկած նորա գլխավոր պատճառը հանգուցյալի վռազ գրելը և շատ գրելու ցանկությունը կհամարի։

Մեկը պ․ Պռոշյանի համար անցյալ տարի ասաց, թե նա, «գրելացավ» ունի։ Ասողը, իհարկե, կամեցել է գովել պ․