Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ բողոքը ո՛չ նրա դեմ է և ո՛չ մի ուրիշ անձնավորության։ Իմ բողոքը մի ընդհանրացած ախտի դեմ է, որ անոդին վնասներ է հասցրել մեր դրականությանը, թատրոնին, արվեստներին և շարունակում է հասցնել։

Օրինակնե՞ր եք ուզում։ Ես կթվեմ մի քանիսը։ Ահա ձեզ մի դերասան կամ դերասանուհի, որ 15 — 20 — 25 տարի ոսկոր է մաշել բեմի վրա։ Ո ւմ է հանձնված նրա խաղի քննադատությունը մեր մամուլի մեջ։ Շատ սակավ բացառությամբ, հազիվ թատրոնական արվեստի այբուբենին ծանոթ մարդկանց կամ մանուկների։ Եվ ահա այդպիսիներն են, որ խաղում են մեր բեմի ճակատագրի հետ։ ք՜անի-քանի՜ անգամ ես լսել եմ մեր բեմական գործիչների դառը բողոքները այս կամ այն ռեցենզենտի տգիտության և անբարեխղճության դեմ։ Քանի՜-Քանի՜ անգամ նրանք հեգնական ծիծաղով ցույց են տվել ինձ հայ «ռեցենզիաների» մեջ այնպիսի անհեթեթություններ, որ ես, ուղիղն ասած, ամաչել եմ հայ մամուլի փոխարեն։

Իսկ գեղեցիկ գրականությո՞ւնը, բանաստեղծությո՞ւնը։ Ո՞վքեր են նրա քննադատները։ Ամեն ոք և ոչ ոք։ Ով չէ գրիչ վերցնում և ափեղցփեղ դատողություններ անում մեր գրողների մասին, ո՞վ չէ խաղում նրանց վարքի հետ։

Գրում են ու քննադատում։ Բայց ինչ եղանակով, ինչ ոճով։ Չկա մի հատիկ հայ հեղինակ, որի վերաբերմամբ հայ մամուլը սպառած չլինի հիսուն տարվա ընթացքում իր մեջ կուտակած պաշարը հիշոցների՝ սկսած «Մեղու»-ի սիրած «խաչագողից» մինչև «Մշակ»-ի «թայֆայական», «խեղճուկ», «սրիկա», «խուլիգան» և այլն ավելի բանաստեղծական արտահայտությունները։ Չի հարգվում ոչ միայն տաղանդը, այլև հեղինակի անձը, պատիվը, դիրքը, հասակը, վիշտը, հոգսը, ընտանիքը, ազգականները, մարդ շատ անգամ մտածում է, արդյոք, ի՞նչ պիտի անե հեղինակը, որ մի օր, վերջապես, ազատվի հալածանքից և անպատվությունից։ Լինում են վայրկյաններ, երբ հեղինակն ինքն իրան հարց է տալիս, արդյոք նա չի՞ սխալվել, որ 20—30—40 տարի իր հոգին մաշել է գրականության վրա, արդյոք գրող՝ հայ մամուլի աչքում չի նշանակում․․․ գող։