Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լի սքանչելի աշխատությունը հանճարեղ արվեստագետի մասին, որ ժամանակակից ռեալիստների աստվածն է։ Այն ժամանակ նա կգիտենա, թե ինչպես են հասկանում իսկական ռեալիստ արվեստագետները գեղեցիկը։

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ

1․

Ես ցավում եմ, որ ստիպված եմ «Մշակ»-ի հյուրընկալ էջերը զբաղեցնել մի ակադեմիական բանակռվով։ Բայց պ․ Գ․է-ն իր «Մտքերի շփոթություն» վերնագրով ինձ տված պատասխանի մեջ մտքերի և հասկացողությունների մի այնպիսի աղավաղում է թույլ տալիս իրան, որի դեմ լռելն իմ կողմից կլի՛ներ հանցանք հենց «Մշակ»-ի և նրա ընթերցողների վերաբերմամբ։

Սակայն ես կաշխատեմ լինել կարելվույն չափ հակիրճ։

Եթե պ. Գ. է․-ն այն կարծիքի է, որ գեղեցկությունը միայն ծաղիկների մեջ է և չկա գեղեցկություն թեկուզ այդ «ծաղիկների մեջ ընկած ձիու նեխած դիակի մեջ», դա նրա գործն է։ Բայց ճշմարիտ գեղագետները գեղեցկությունը որոնում են և գտնում ամենուրեք։ Նրանց համար անոթը չէ կարևորը, այլ նրա պարունակությունը։ Նրանց համար ադամանդն ադամանդ է, թաքնված է նա ծաղիկների մեջ, թե ձիու նեխած դիակի մեջ։ Նույնը և մարդու վերաբերմամբ։ Նրանց համար հոգին՝ հոգի և սիրտը սիրտ է, միևնույնն է, ամփոփված են նրանք մի Համլետի, թե՞ մի Տարտյուֆի մեջ, մի իդեալիստի, թե՞ մի չարագործի մեջ, մի արքայի, թե՞ մի մուրացկանի մեջ։ Այն արվեստագետը, որ փախչում է տգեղն ու այլանդակը գեղեցիկ նկարագրելուց (լավ լսեցեք. գեղեցիկ նկարագրելուց), տկար է, խղճալի և ողորմելի։ Նա հոգեպես մի աչքանի է և անընդունակ գեղեցիկը տեսնելու կատարյալ տեսողությամբ։ ճշմարիտ գեղարվեստագետի միտքը պայծառ է, տեսողությունը՝ սուր։ Նրա հոգին այնքան զորեղ է, որ չունի երկյուղ կյանքի և բնության ո՛չ բարձր գեղեցկությունից և ոչ ծայրահեղ Այլանդակությունից։ Նրա հայացքը թափանցում է ամենուր