Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աննումանի առաջին նամակը չեմ ստացել :Այս րոպեին ես Թիֆլիզից դուրս ոտ դնել չեմ կարող։ Պաշտոնիս ազատվելու լուրը ստուգվում է։ Եթե իսկույն հեռանամ—կզրկվեմ 4 ամսվա ռոճիկից, այնինչ ես հույս ունիմ դուրս գալիս նպաստ ստանալ։ Այժմ ստիպված եմ ուրիշ պաշտոն գտնել:


Խանումը, իմ կարծիքով, պիտի գնա Շամախի, եթե Բաքվում Աննումանի մոտ մնալ չի կարող։ Կարողացածիս չափ ես պարբերապես կօգնեմ, թեև քեզ հայտնի է, թե որքան դժվար է այդ ինձ համար։

Երեկ պատահեցի Վանյա Վերմիշյանին։ Նա արդեն մտել է Մանթաշյանի մոտ։ Ես խնդրեցի նրան ինձ համար մի պաշտոն գտնել Մանթաշյանի մոտ, Օդեսայում և Հնդկաստանում բացվում են նոր ագենտուրաներ։ Պատրաստ եմ այս երկու պաշտոններից մեկը ընդունել։ Միևնույն է, այժմ ջահաննամ էլ կերթամ, միայն թե պաշտոն ունենամ և քիչ թե շատ լավ վարձատրվող պաշտոն։ Թող միայն այդ ջահաննամը:

Բաքուն չլինի, ուր ես չեմ կարող ապրել։ Վանյան շուտով կգա Բաքու։ Նա ինձ խոստացել է ամեն կերպ աշխատել։ Դու էլ քո կողմից խնդրիր, մինչև անգամ պարտավորեցրու նրան, որ սրտով աշխատի։ Ես էլ այստեղ ամեն կերպ կաշխատեմ։ Կդիմեմ Մարկ Իսայիչ Դոլուխանյանին, ապա իրան Մանթաշյանին։ Դու քո կապերով աշխատիր։ Կդիմեմ նաև Խրիստոֆորին։

Գրադարանապետ Հարությունյանից տեղեկացիր, եթե «Արսեն Դիմաքսյանից» ծախվել է, ստացիր և տուր Խանումին։ Ուղարկել եմ 30 դիրք (1 ռ. 50 կ.), ստացել եմ միայն 15 ռ (20 տոկոսն իրանն է)։ Այդտեղ կա մի գրաջրջիկ Գասպար, որ ինձ պարտ է 10 ռ.։ Նա երբեմն լինում է Սև և Սպիտակ քաղաքում, եթե պատահես—այդ փողն էլ ստացիր, տուր Խանումին։

Քեզ սիրող Ալեքսանդր