Նախ պետք է զգացում և միտք հղանալ, հապա նրանց համար բառեր փնտրել։ Ահարոնյան հակառակն է անում։ Պիեսի նյութն էլ բանաստեղծական չէ։ Այդ շատ-շատ մի լրագրական առաջնորդողի նյութ է, վերջապես, ձանձրալի է այդ անվերջ լաց ու կոծը։ Աղիողորմ բացականչությունները, կուրծք պատռելը, մազեր փետտելը, բանաստեղծություն չէ, այլ պարսկական Շահ-Հուսեին, Վահ-Հուսեին։ Բարձր զգացումները արտահայտվում են վսեմ ձևով։ Ահարոնյան վիշտ չունի, այլ աղաղակ, գոռում-գոչյուն։ Պետք է նրան խորհուրդ տալ ձեռք վերցնել գրելու այդ գռեհիկ ձևից, այլապես նա կորած է, մի բան, որ ցանկալի չէ, որովհետև ինչևէ էլի քիչ թե շատ ստեղծագործելու ընդունակություն ունի…
Այլ Լեոն գաղափար անդամ չունի թատրոնի մասին և ելել ու կրիտիկ է գրում։ Վայ մեր օրին։ Նա ասում է «բեմը նեղ է խորը հոգեբանական գաղափարներ արտահայտողի համար»։ Ռուսաց առածն ասում է. «Լսել է մի ձայն, չգիտե ո՞ւր է այն»։ Բեմը նեղ է նեղ մտածողների և նեղ զգացողների համար։ Այն նեղ է այն տկար և անզոր դրամատուրգների համար, որոնք անընդունակ են իրանց ֆրազներին կյանք և հոգի ներշնչել, իրանց գործող անձանց մարմին և արյուն տալ։ Այն նեղ է այն գրողների համար, որ անընդունակ են կարճ միջոցում և քիչ բառերով շատ միտք և խորը զգացում արտահայտելու։ Այն նեղ է նրանց համար, որոնց արժանավորությունը արտաքին է։ Բեմը չի սիրում գեղեցիկ հագցրած մանեկեններ։ Այն պահանջում է կենդանի էակներ։ Ո՞վ է ավելի խորը հոգեբանական երկեր տվել, քանէսք իլը, Սոֆոկլեսը, Շեքսպիրը, Շիլլերը, Մետեռլինգը։ Եվ միթե Հյուգոյի տասնյակ հատորների մեջ ավելի բանաստեղծություն, ավելի ուժ, ավելի հոգեբանություն, ավելի ստեղծագործություն կա, քան Իբսենի թեկուզ միմիակ La coniéfie de l'amour-ի մեջ։ Դրաման գեղեցիկ գրականության տեսակների մեջ այն է, ինչը արձանագործությունը արվեստների մեջ։ Այնտեղ ռելիեֆներ են հարկավոր և ոչ մանրուքներ։ Իսկ ռելիեֆներ գտնելը դյուրին բան չէ։ Այնտեղ ճոռոմաբանությունը գործ չունի։նԱյստեղ կյանքի ճշմարտություն է հարկավոր, այսինքն՝ իսկական պոեզի։