Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դատողությունը կոպիտ, չգիտե ընտրություն անել ժողովըրդական բառերի մեջ։ Մենք այս ասում ենք ոչ թե նորա տիպերի խոսակցության, այլ այն տեղերի վերաբերմամբ, ուր ինքը հեղինակն է խոսում։ Նորա լեզուն լիքն է այսպիսի ականջ ծակող կոպիտ բառերով...«ճղքճղքնոտին», «գընդըրզընգըր» «տռճնգի» և այլն, որ գործ է ածում ինքը՝ հեղինակը յուր նկարագրությունների մեջ։

Ճաշակի տեր վիպասանը փախուստ կտար այս տեսակ բառերից, մանավանդ վերջինի (տռճնգի) նմաններից։ Եվ այս գռեհիկ բառերի հետ հեղինակը հանկարծ դնում է բարդ գրականական բառեր, որ միանգամայն սազ չեն գալիս, օր. «գոհարազարդ», «ճաճանչավոր», «արտաժայթքված», «ժպտածիծաղ» և այլն։ Այս պատճառով հեղինակի նկարագրությունները դուրս են գալիս վերին աստիճանի անճաշակ։ Օրինակ։

Ահա քլթքլթում, փլթփլթում են անուշահամ կերակուրները, ահա նեննի ցայթքումները թոնրի մեջ են թռչում, մի պայծառ լույս արձակում ոսկեգույն բոցի միջից և կրկին չքանալուց հետո՝ անուշ բուրմունքով քթեր պարարում... և այլն (եր.147—148)։

Որքա~ն ծանր և անմարսելի նկարագրություն։ Սակայն պ. Պռոշյանը առհասարակ քիչ է նկարագրում, և նկարագրածն էլ ոչինչ սահունություն չունի։ Նա դարձվածները ձգձգում է, բառ բառի վրա է բարդում անխտիր, զոռ է անում մի բան արտագրելու, և դուրս են գալիս այդ տեսակ անմարսելի և ծանր կտորներ։ Դա գեղարվեստական գրվածքի համար մի մեծ պակասություն է։

Ավելի անհամացնում է պ. Պռոշյանը, երբ ձգտում է հումորով գրել, այսինքն՝ անել մի բան, որին ընդունակ չէ։ Կտորներ շատ կան մեր ասածը ապացուցանող, բայց մենք առաջ ենք բերում մեկը միայն։

Կատակախոս Մելիք֊Բադալը, նախկին տանուտեր Հարությունի մասին խոսելով ծաղրում է նորան, որ անունը փոխել է։ Արտեմ Սերգեյիչի հայրական անունը առիթ է տալիս նորան սրախոսելու։

«Էդ ինչ խոսք ա Սերգեևըլիչ. էլի մարգ կարմիր պահունի խնձոր, կամ մալաչա տանձ դառնա՝ մեղրի պես քաղցր, որ