Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց Մարիամը, հառաչելով: — Դու քո բախտը խելքով ապահովեցիր, ես իմը թողի սրտիս կամքին։

— Չէիր կարող ուրիշ կերպ անել, հոգիս։ Իմ ճանապարհով գնալու համար հարկավոր էր, որ դու ոչ գեղեցիկ լինեիր, ոչ հարուստ։ Հարստությունը և գեղեցկությունը ծուլացնում են մարդուն։ Հիշո՞ւմ ես, ինչպես ես ցավեցի, ինչքան հառաչեցի առաջին անգամ, երբ լսեցի, որ քեզ զրկել են ժառանգությունից։ Ես ցավում էի անկեղծ, որովհետև կարծում էի, որ հարստությունը քեզ համար կյանք է դարձել, որ առանց նրան դու դժբախտ ես։ Բայց երբ դու հաստատ մտքով ինձ ասացիր, թե ուզում ես հասարակ արհեստավոր դառնալ, ուրախացա։ Ես տեսա, որ հարստությունը քեզ չի փչացրել։ Այժմ ես ուրախ եմ, որ դու զրկվել ես քո օժիտից, բայց աստված ոչ անի, զրկվես քո մյուս օժիտից — գեղեցկությունից։ Պահպանիր գեղեցկությունդ, պահպանիր և օրինակ դարձիր մյուսների համար, թե գեղեցիկ կինն էլ պիտի աշխատի, թե կնոջ զարդը միայն գեղեցկությունը չէ, ինչպես կարծում են թեթևամիտ մարդիկ։ Գիտե՞ս, ինձ շատերն են ասել, թե եթե ես տգեղ չլինեի, արհեստ չէի սովորիլ, կմտածեի միայն մարդու գնալու մասին։ Չգիտեմ, բայց կարծում եմ, որ սխալվում են...

Այստեղ Սաթենիկր լռեց և խաղաղ ժպտաց Մարիամի երեսին։ Եվ նրա ժպիտը արտահայտեց մի տեսակ մելամաղձություն. արդյո՞ք դա նրա անվերադարձնելի կերպով կորցրած գեղեցկության հիշատակը չէր։ Արագությամբ հետ դարձնելով յուր խոհուն ճակատի վրա սփռված սև գանգուր մազերը, վարժուհին, կարծես, այդպիսով վանեց յուր թախիծը և ավելի ոգևորված շարունակեց գովել աշխատանքը։

Մարիամր լսում էր նրան սիրով և հաճությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ որոնելով մի-մի սփոփանք յուր վշտացած սրտի համար։

Նա տուն վերադարձավ այդ օրը սովորականից ուշ։ Երկար ժամանակ Սաթենիկի խոսքերը հնչում էին նրա ականջում։ Սակայն վրա հասավ երեկոյան խավարը, և նա կրկին անձնատուր եղավ յուր սովորական անհաղթելի վշտերին։