Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փառք աստուծո, փառք աստուծո, շատ ուրախ եմ։ Դեհ, գնանք այժմ, Նիկողայոսը սպասում է…

Երևեցան և՛ օրիորդ Նատալիան ու Ախշարումյանը, ամուրիին շրջապատեցին։ Այլևս դժվար էր ազատվել նրանց ձեռքից։ Սակայն նա դարձյալ ներողություն խնդրեց, հեռացավ, ասելով, որ իսկույն կվերադառնա։ Նա Մարիամին չգտավ այնտեղ, ուր թողել էր։ Նա վազեց այս ու այն կողմ, անցավ նախագավիթ, և այստեղ տեսավ, որ օրիորդը եղբոր թևին հենած, սանդուղքով ցած է իջնում։ Նա ինքն իրան մոռացավ, և հրելով ճանապարհին պատահած հանդիսականներին, խելագարվածի պես հետևեց նրանց։

— Դուք արդեն գնո՞ւմ եք:

Նա պատասխան չստացավ։ Իջնելով ցած, հանդերձարանում նա մի քիչ ուշքի եկավ, շփոթվեց ինքն յուր արածից։ Նա ձեռը մեկնեց Ռուբենին։ Երիտասարդը գունաթափված էր, աչքերի մեջ փայլում էր մի տեսակ, նրա բարի դեմքին անհամապատասխան, կատաղություն։ Պարզ էր, որ Մարիամը հաղորդել էր նրան բժշկի վարմունքը։ Դողդողացող ձեռներով նա պահեց քրոջ վերարկուն, հագցրեց, առավ նրա թևը և շտապեց դեպի դուրս։

Հեգ ամուրին մնաց բևեռված յուր տեղում։ Ընկճված, հուսահատված, նայեց Մարիամի հետևից։ Նա ծանր և ակամա քայլերով բարձրացավ վեր։ Նա զգում էր յուր շուրջը մի ամայություն, կարծես, Մարիամի գնալով նրա համար ամեն ինչ վերջացավ, կարծես, այլևս հավիտյան խորտակվեցին նրա հույսերը։ Սեղանատանը չհասած, նա հանդիպեց Մելիք-Բարսեղյանին, որ խոսում էր մի հարուստ և բավական ծեր դրամատիրոջ հետ։ Որքան ատելի թվաց նրան բժշկի լուրջ կերպարանքը։ Նա ձգեց նրա վրա մի սպառնողական, մի սուր հայացք։ Բժիշկը բարեկամաբար ժպտաց։ Այդ նրան ավելի կատաղեցրեց։ Նա համարում էր իրան վիրավորված, հաղթված և մինչև անգամ ստորացած մի նոր, մի տակավին անհայտ երիտասարդի առաջ։ Ինչպե՜ս, նա սիրե, նա այնքան եռանդով հետամուտ լինի մի օրիորդի, որից երես է դարձնում մի ինչ-որ կիսաքաղցած բժիշկ։ Էլ ո՜ւր մնացին Հալաբյանի անունը, դիրքը և հարստությանը։