Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և առաստաղին, ինչպես մի մարդ, որ ուզում էր ցույց տալ, թե առաջին անգամն է այդպիսի տեղ մտնում, այն էլ ակամա։

— Մի վախենալ, այստեղ չենք մնալ,— ասաց Ռուբենը և առաջնորդեց բժշկին հետևի կողմում գտնվող մի փոքրիկ սենյակ, ուր ոչ ոք չկար։

Բժիշկը գարեջուր պահանջեց, Ռուբենը մի բաժակ սուրճ, և նրանք նստեցին սենյակի մի անկյունում, պատվիրելով սպասավորին դռները ծածկել։

— Մեր խոսակցության համար,— սկսեց Ռուբենը,— մի այդպիսի չեզոք տեղ էր հարկավոր, բարեկամական ասպարեզ այլևս չպիտի գոյություն ունենա մեզ համար։ Վասի՛լ, դու գիտես իմ հուզմունքի պատճառը։ Ասա, իրավունք ունե՞մ քո վարմունքը տմարդի համարել, ասա, ունե՞մ իրավունք։

— Մինչև չհանդարտվես,— պատասխանեց բժիշկը սառը և խաղաղ եղանակով,— քեզ հետ խոսել չի լինիլ։ Խմում եմ կենացդ և ցանկանում եմ, որ իբրև տղամարդ կարողանաս զսպել քեզ։ Սիրելիս,— շարունակեց նա, գարեջրի բաժակը հազիվ շրթունքին մոտեցնելուց հետո, բերանը սրբելով,— մարդու հետ այդպես վարվել չի կարելի, ինչպես դու ես վարվում։ Այո, գիտեմ ինչու ես գրգռված։ Բայց դիցուք ես մի հանցավոր եմ, դու դատավոր, մի՞թե չպիտի լսես ինձ և հետո դատես։

— Սառնարյուն լինել այն ժամանակ, երբ տեսնում եմ անիրավություն — ես չեմ կարող։ Բայց կաշխատեմ զսպել ինձ, ասա, ես լսում եմ։

— Ո՞րն է իմ հանցանքը, ցույց տուր խնդրեմ,— առաջ տարավ յուր խոսքը բժիշկը, արմունկները դնելով սեղանի ծայրին և աչքերը ակնոցի միջով սևեռելով ընկերոջ երեսին։— Որ ես այն երեկո բացատրություն չե՞մ տվել քրոջդ։ Համաձայնիր, որ տեղը անհարմար էր, Ռուբեն, խոմ չէր կարելի մի ամբողջ հասարակության մեջ ընտանեկան գաղտնիք պարզել: Մարիամը իրավունք ուներ ինձանից հաշիվ պահանջելու։ Նա իրավունք ունի ինձ անամոթ դավաճան անվանելու։ Նա իրավունք ունի կարծելու, որ ես նրան մոլորեցրել