Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սիրելիս, շատ ես քինթդ վեր ցցում, վաղո՞ւց է, որ այդքան մեծացել ես:

— Իշխան,— պատասխանեց Ռուբենը, մի կերպ զսպելով իրան,— ճիշտը չգիտեմ ինչ, բայց համոզված եմ, որ ազգակցական զգացմունքը չէ ձեզ իմ և քրոջս դեմ գրգռողը… Անշուշտ մի ուրիշ պատճառ ունեք: Ես ձեր մասին մի բան էլ լսել եմ, բայց չեմ ուզում հավատալ, այդ արդեն չափազանցություն կլիներ…

Մի քանի վայրկյան իշխանը աչքերը լայն բաց արած նայում էր Ռուբենի երեսին։

— Ի՞նչ եք լսել,— հարցրեց նա վերջապես։

Ռուբենը լուռ էր։ Իշխանը կրկնեց, երեքնեց յուր հարցը։

Այն ժամանակ Ռուբենը հուզված և վշտացած հայտնեց այն բանը, որին ինքն էլ արդարև չէր հավատում, որքան և վատ կարծիք ուներ իշխանի մասին։ Հայտնեց, թե լսել է, որ իշխանը կողմնակի կերպով ոմանց մոտ անվանարկել է Մարիամին։

— Կրկնում եմ, ես չեմ հավատում լսածիս, չեմ հավատում, որ դուք այդքան վատ եք։

Իշխանը փոքր-ինչ շփոթվեց, ամաչեց, զգալով, որ իրավ յուր լեզվին շատ է ազատություն տվել։ Նա հանձն չառավ, նա հետ կանգնեց յուր ասածից։ Եվ որպեսզի ավելի համոզի Ռուբենին, որ ինքը արդար է, ցույց տվեց անարդար մարդու կեղծ֊արդարացի կատաղություն։

— Կասկածել մի վայրկյան, որ ես, իշխան Սահարունիս,— գոչեց նա, աչքերը պսպղացնելով,— որ ես, իշխան Սահարունիս, ընդունակ եմ բամբասելու մի օրիորդի, լինի նա ազգականս, թե բոլորովին օտար, կրկնում եմ, կասկածել մի վայրկյան անգամ այդ մասին — կնշանակե ինձ անպատվել։ Ամոթ է ձեզ համար, Ռուբեն, ամոթ է, որ այդպես անպատվում եք ինձ։

Եվ յուր կեղծիքը թաքցնելու համար շտապեց հեռանալ: Սակայն Ռուբենը զգաց, որ իշխանը այդ բանում շատ էլ արդարացի չէ, որ անկասկած նա մասն ունի Մարիամի մասին տարածված տմարդի լուրերում։ Լուրեր, որ որքան և մութ և մեղմացրած կերպով էին հասնում սիրող եղբոր ականջին,