Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ հանկարծ մեռածը երևան է գալիս, անձամբ ներկայանում է յուր ընկերներից մեկին։

Դեպքը անսպասելի էր, ազդեցությունը ուժգին։

— Պատմի՛ր, որտե՞ղ էիր,— գոչեց Ռուբենը շնչասպառ հետաքրքրությամբ, երբ փոքր-ինչ սթափվեց ապշությունից։

Նորեկի վայրկենաբար պարզված դեմքը իսկույն քողարկվեց այն մթին ստվերով, որ, ըստ երևույթին, մշտական էր։

Մարիամը և Սաթենիկը տակավին չգիտեին Ռուբենի հանկարծակի և երկարատև այլայլման պատճառը։ Զարմացած մտիկ էին անում մերթ մեկի, մերթ մյուսի երեսին։

— Մեռած էիր և կենդանացա՞ր։ Եթե սնահավատ լինեի, երկյուղից պետք է խելագարվեի, կարծելով, որ իմ առաջ կանգնած է ուրվականդ։

Նորեկը նստեց, հրավիրելով Ռուբենին ևս նստել։ Նա տակավին լուռ Էր:

— Ութ տարի բարեկամներից և ընկերներից անհայտ ապրել մեր դարում, թույլ տալ, որ չար լեզուները չար լուրեր տարածեն, չհերքել այդ լուրերից ամենասարսափելին, չուրախացնել ընկերներիդ — ասա՛, ի՞նչ է նշանակում այդ գաղտնիքը։

— Նշանակում է,— խոսեց, վերջապես, Բագրատյանը, հառաչելով,— որ այդ բոլոր լուրերը անհիմն չէին, ես չէի կարող հերքել։

— Ի՞նչ, մի՞թե դու ինձ պետք է հավատացնես, թե երեք տարի մեռած էիր:

— Այո', մեռած էի, թեև շնչում էի…

Ռուբենը կարծեց, թե նա կշարունակե։ Բայց ոչ. նա կանգ առավ, նայեց Մարիամին և Սաթենիկին։ Պարզ էր. նա չէր կամենում օրիորդների ներկայությամբ խոսել։

Այնինչ Մարիամի և Սաթենիկի զարմանքը փոխվեց բուռն հետաքրքրության։ Նրանք անթարթ աչքերով նայում էին նորեկի բերանին։

Առանձին անհամբերություն էր արտահայտում Մարիամի դեմքը։ Եվ երբեք վերջին ժամանակ ոչ ոք չէր գրավել