Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա միագույն այտերի վրա երևում էր մի անսովոր կարմրություն, նրա աչքերի մեջ փայլում էր մի տեսակ կենդանացուցիչ հուր։ Նա նյարդային քայքայված դրության մեջ էր: Նա գլխարկը մի կողմ շպրտեց և նստեց սեղանի մոտ։

— Ո՞րտեղ էիր,— հարցրեց Մարիամը։

— Տեսա՞ր, տեսա՞ր այն մարդուն,— գոչեց Ռուբենը, տեր աստված, ինչ ուժ, ինչ կրակ, այդքան նեղություններ քաշել և այդչափ կենդանի հոգի ունենալ… Ի՞նչ եմ ես և ինձ նմանները այդ մարդու մոտ։

Արտասանելով այս խոսքերը ավելի ինքն յուր, քան Մարիամի համար, նա ոտքի կանգնեց և սկսեց շտապ֊շտապ անցուդարձ անել։

— Դու չես կարող երևակայել,— շարունակեց նա, դառնալով քրոջը,— այդ մարդը ինչքան է տանջվել յուր կյանքում։ Մազերս փշաքաղվում էին, երբ լսում էի նրա չոր ու ցամաք պատմությունը։

Վայրկյան առ վայրկյան Մարիամի հետաքրքրությունը բորբոքվում էր։ Նա ձգտում էր իմանալ Բագրատյանի կյանքի պատմությունը, նա փափագում էր լսել այն բոլոր նեղությունները, որոնց մասին այնպես հուզված խոսում էր Ռուբենը։ Սակայն հատուկտոր դարձվածներով Ռուբենը ավելի յուր ոգևորությունն էր արտահայտում, քան մի կանոնավոր բան պատմում։

Այսքանը պարզվեց նրա բոլոր ասածներից։— Տեխնոլոգիական ճեմարանից արտաքսվելուց հետո Բագրատյանր զրկվում է յուր բարեգործի օժանդակությունից։ Նա ընկնում է հետին աղքատության մեջ։

Ճարահատված նա շատ չափավոր ռոճիկով մտնում է մի կալվածատիրոջ մոտ կառավարչի պաշտոնով։ Բայց այստեղ ևս հանգամանքները դավաճանում են նրան։ Կալվածատերը կասկածում է նրա անցյալի մասին և քաղաքավարի կերպով հրաժարեցնում պաշտոնից։ Նա գաղթում է ուրիշ քաղաք…

— Ամեն տեղ կրել է քաղցածություն, ցուրտ, մերկություն։ Ամեն տեղ մարդկանց անտարբերությունը եղել է նրա ընկերը։