Անտանելի էր Նիկողայոսի դրությունը։ Ընտանեկան կյանքը նրա համար կատարյալ դժոխք դարձավ։ Նա հուզված էր, բարկանում էր, գոռում էր, հրում էր ձեռքով կնոջ կրծքին, բայց իզուր։ Ինչպես մի անխուսափելի չարիք, մի բնական պատիժ, Սոփիոն անգութ կերպով հալածում էր յուր ամուսնուն, ստվերի պես հետևելով նրան ամեն րոպե, ա մեն վայրկյան։ Մերթ նա գոռում էր, մերթ աղերսում և մերթ արտասվում, աշխատելով թունավորել մարդու հանգստությունը։
Ուրիշ ելք չկար։ Վերջապես Նիկողայոսը համաձայնեց, միանգամայն հաղթված համառ կնոջ անընդհատ հալածանքից։
— Բայց ասա եղբորդ, — պատվիրեց նա, մուրհակը ստորագրելիս, — այս վերջին անգամն է լինելու...
Իշխանը փողը ստացավ բանկից, և այնուհետև մոռացավ (գուցե առժամանակ) Նիկողայոսին էլ, Սոփիոյին էլ, բոլոր Սադափյաններին էլ։
Ձմեռվա ընթացքում Նիկողայոսի գործերը այնքան հաջող գնացին, որ կարողացավ յուր պարտքերից մի քանիսը վճարել։ Մնում էին մի քանի խոշոր պարտքեր, ի միջի այլոց, և Հալաբյանից վերցրածի մի մասը։ Մի օր հանդիպեց ամուրիին և խնդրեց մի քանի ամիս ևս համբերել։ Հալաբյանը անտարբեր կերպով գլուխը շարժեց, կարծես, միևնույնն էր, կստանա՞ր յուր փողերը, թե ոչ։
— Ես մինչև մահ չեմ մոռանալ, որ ձեզանով ոտքի կանգնեցի, — ասաց Նիկողայոսը երախտագիտաբար։
— Ոչի՜նչ չեմ արել ձեզ համար, որ ինձ չմոռանաք, — արտասանեց Հալաբյանը վհատված ձայնով։
— Փա՛հ, բաս ո՞վ է արել...
— Շնորհակալ եղեք ձեր եղբոր որդուց։
Նիկողայոսը զարմացավ։ Առաջին անգամն էր նա այդ լսում: Այն ժամանակ Հալաբյանը բացատրեց բանի էությունը, հայտնեց, թե լոկ Ռուբենի խնդրելովն է նրան օգնել։
— Ռուբե՞նը, Ռուբե՞նն է ինձ համար ձեզ խնդրել,— գոչեց Նիկողայոսը, չհավատալով յուր լսելիքին։